«Ժառանգություն»-ը սահմանադրական բարեփոխումների մասին ֆորում է անցկացնելու
«Ժառանգություն»-ը սեպտեմբերի 15-20-ը կանցկացնի քաղաքական ֆորում՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին: Խմբակցությունը ֆորումի անցկացմանն աջակցելու խնդրանքով դիմելու է նաև խորհրդարանական այլ ուժերի:
«Դա կլինի այլ ձևաչափ, մենք կհրավիրենք նաև իշխանական կողմին, հանձնաժողովի ներկայացուցիչներին, անդամներին, ովքեր այս օրերին անցկացնում են սահմանդրական բարեփոխումների վերաբերյալ հանդիպումներ, քննարկումներ»,-լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը:
Նրա խոսքով, «Ժառանգություն»-ը հարցի վերաբերյալ չի փոխել իր տեսակետը, այս պահին դրա կարիքը չկար, այն այլ նպատակ է հետապնդում և համարժեք չէ ստեղծված իրավիճակին:
«Մեզ համար անհասկանալի է, որ այս լարված պահին, երբ առաջնահերթություններն այլ բան են թելադրում թե ներքին քաղաքականության, թե արտաքին քաղաքականության մեջ, իշխանությունները, իշխանությունը վերցրել և թիվ մեկ քաղաքական օրակարգ է դարձրել իր համար սահմանադրական բարեփոխումների հարցը»,-ասաց բանախոսը: