Բարձր ամբիոններից ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ դուրս եկեք փողոց. ԲՀԿ-ն` ՀՀԿ-ին
Այսօր առաջ է քաշվել արհեստական մի օրակարգ՝ առանց բավարար հիմնավորումների, հասարակական պահանջի և հիմնավոր փաստարկների։ Եվ տարօրինակ չէ, որ սահմանադրական բարեփոխումների գաղափարը հասարակության մեջ հիմնավոր կասկածներ է առաջացրել։ Այս մասին «Ժառանգության» հրավիրած խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը` հայտարարելով, որ վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանում այսօր առկա հիմնական խնդիրներից և որևէ մեկը պայմանավորված չէ Սահմանադրությամբ կամ դրա անկատարությամբ ու որևէ նորմի բացակայությամբ:
«Ես ուզում եմ հիշեցնեմ, որ ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը, Արմեն Աշոտյանը և ՀՀԿ-ական այլ ներկայացուցիչներ հայտարարում էին, որ կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ընդունելի չէ կառավարման պառլամենտական համակարգը, քանի որ այն ֆաշիզմի նախադրյալներ է ստեղծում և այլն։ Եվ հարց է ծագում` հիմա այդ ի՞նչ փոխվեց 1.5 տարում, արդյո՞ք Հայասատանը դադարեց պատերազմի վտանգի տակ գտնվելուց, թե վերջերս չէր, որ ագրեսիվ գործողություններ էին ծավալվում սահմաններում: Ի՞նչը ստիպեց այսքան կտրուկ փոխել այդ համոզմունքը»,–հետաքրքրվեց ԲՀԿ-ական Վարդանյանը:
Շարունակելով խոսքը, Է.Վարդանյանը նշեց, որ չի ցանկանում մտնել բովանդակային քննարկման մեջ, բայց առաջարկված հայեցակարգի նախագծում տեղ գտած ընտրական համակարգի փոփոխություններն ու այսպես կոչված բոնուսային-ռեյտինգային համակարգերը ավելի շատ թակարդ են հիշեցնում: Պատգամավորը պարզաբանեց` բոնուսային համակարգը նմանվելու է Երևանի ավագանու ընտրություններին ու ամենևին չի աջակցելու կուսակցությունների կայացմանը, ինչպես ներկայացվում է հայեցակարգում:
Ծուղակ է նաև ռեյտինգային քվեարկությունը, որը ևս բոլորովին չի ծառայելու ընտրողի և ընտրվողի միջև անմիջական կապ ապահովելու նպատակին, ինչպես ներկայացվում է հայեցակարգում:
«Դահլիճներում, փակ սենյակներում նստելուց բացի կամ բարձր ամբիոններից ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ դուրս եկեք փողոց, ո՞վ է ձեզանից հիշում, թե վերջին անգամ երբ է փողոցում հանդիպել ու խոսել քաղաքացիների հետ: Խոսեք, որ հասկանաք, թե ինչ ակնկալիքներ ունեն մարդիկ»,- հորդորեց Է.Վարդանյանը` ավելացնելով, որ ժողովրդի պահանջն այսօր ոչ թե այդ բարեփոխումներն են, այլ տնտեսական իրավիճակի բարելավումն է, իրենց առօրյայում փոփոխություններն են:
Հավելելով ելույթն ասաց` այսօր երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, չկա սահմանադրական բարեփոխումների հասարակական տրամադրություն, առավել ևս, որ խնդիրները և դրանց լուծումները բոլորովին էլ սահմանադրական չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ