Հայրենիքը երբեք հայի համար բանտ չպիտի դառնա, բայց այն նաև չպիտի լինի հյուրանոց. Ս.Սարգսյան
Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հերթական անգամ կարևորեց Սփյուռքի և սփյուռքահայերի դերակատարումը մեր պետության կյանքում: Նախագահի խոսքով` Հայաստանը հետևողական և նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում.
«Հայ ժողովուրդն այսօր աշխարհին է ներկայանում անկախ Հայաստանով, անկախ Արցախով և զորեղ Սփյուռքով: Արդի աշխարհում հայ ժողովրդի ամենամեծ քննությունը Հայաստանի պետականության առօրյա կյանքի կազմակերպման գործն է: Եվ եթե մեզ հաջողվեց հաղթահարել ամենաբարդ քննությունը, որն էր պատերազմը, ապա մենք իրավունք չունենք ընկրկելու այսօրվա խնդիրների հորձանուտում»,- ընդգծեց երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը շեշտեց` հայի տեսակի վաղվա օրը որոշվում է հայրենի երկրում: Հայի տեսակի առաջընթացն ու հզորությունը, ապագան ու հեռանկարը կոփվում են հենց Հայաստանում, քանի որ արդի աշխարհում ժողովրդի առհավետ գոյության ամենահզոր և միակ գրավականն ազգային պետությունն է:
«Այսօր չկան Հայրենիքը և Սփյուռքն իրարից բաժանող անցյալ դարաշրջանի անջրպետները: Եվ դա ինքնին ազգային համախմբվածությունը խրախուսող հանգամանք է: Սակայն այդ համախմբվածությունը ինքնանպատակ չէ։ Այն անհրաժեշտ միջոց է, որպեսզի մենք հաղթահարենք ինքներս մեր մեջ բացահայտած վատը»,-նկատեց նա:
«Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը,- շարունակեց նախագահ Սարգսյանը, -արդի իրողությունն այնպիսին է, որ այսօր կարող ենք խոսել հայաստանցիների՝ նոր սերնդի սփյուռքի գոյության մասին: Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք և ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար»:
«Միասին վեր հանենք բացթողումները և արձանագրենք, թե ինչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել: Համոզված եմ, որ Հայրենիքը երբեք հայի համար բանտ չպիտի դառնա, բայց այն նաև չպիտի լինի հյուրանոց: Հյուրանոցը հյուրի համար է, իսկ Հայաստանում յուրաքանչյուր հայ պետք է տոգորված լինի իր տանտեր լինելու հանգամանքով: Յուրաքանչյուր հայ իր տունն ու օջախը պետք է ունենա հայրենիքում»,- ընդգծեց նա ու ավելացրեց, որ ահա այդտեղ է տեսնում հայրենիքի հզորացման ու շենացման գործում Սփյուռքի ներուժը ներդնելու առաջնահերթ ուղղությունը:
Համաշխարհայնացման ներկա մարտահրավերների պայմաններում, մատնանշեց Սերժ Սարգսյանը, անհրաժեշտ է համախմբել համայն հայության կարողությունները, մասնագիտական ունակություններն ու հնարավորությունները, զարգացնել երիտասարդների հայրենասիրական, ազգային զգացումները: Նախագահի համոզմամբ` Սփյուռքի մտահղացումներն անհրաժեշտ են Հայաստանի պետության կերտման, անվտանգության, կայունության ու զարգացման համար:
Անդրադառնալով ներկա իրողություններին, Սերժ Սարգսյանը նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունների հետևանքով Սփյուռքի մեր հայրենակիցների մի ստվար հատված ստիպված կրկին բռնեց գաղթի ճանապարհը: Իսկ սա բերում է նրան, որ փոփոխվում են հայկական սփյուռքի առկա ձևաչափերը. կազմալուծվում են հին համայնքները, ձևավորվում նորերը, որոնք օգնության լուրջ կարիք ունեն.
«Սիրիական ճգնաժամի հետևանքով արյունաքամ լինող Սիրիայի կենսունակ հայ համայնքի ներկայացուցիչների մի մասը՝ մոտ 12 հազար հայորդի, հաստատվել է Հայաստանում: Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցները ուշադրության, աջակցության կարիք ունեն: Նրանք եղեռնը վերապրած մեր նախնիների բեկորներն են, ովքեր, սփռվելով աշխարհով մեկ, կարողացան պահպանել ազգային դիմագիծն ու հայկականությունը»,- նշեց նախագահը:
Տեղեկացրեց նաև, որ այսօր Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու աշխատանքներում. «Սիրիահայերը արագորեն ինտեգրվում են Հայաստանի հասարակությանը, արդեն պետականորեն լուծված են սիրիահայերի կրթության, առողջության, սոցիալական խնդիրները: Լուրջ աշխատանքներ են տարվել և տարվում նրանց աշխատանքի տեղավորելու, բիզնես սկսելու, բնակարաններ ձեռք բերելու հարցերում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Սիրիահայերին գրկաբաց ենք ընդունել, նրանք իրենց հայրենիքում փախստական չեն կոչվում, նրանք մեր երկրի տերն են, նրա մի մասնիկը: Բոլորիս հավաքական ջանքերով է, որ մեր հայրենակիցների բնակարանային, աշխատանքային հարցերը վերջնական լուծումներ պետք է ստանան: Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է աջակցեն նաև նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Հավատում եմ, որ դեռ կգան խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Սիրիայի հայկական համայնքը կվերածնվի և կշարունակի իր ստեղծագործ ուղին՝ ի նպաստ Մայր հայրենիքի և բնակության երկրի զարգացման ու բարգավաճման»:
Սերժ Սարգսյանը ցավով նշեց նաև, որ տարածաշրջանային հակամարտությունները գնալով ավելանում են, այնպես որ գերնպատակը պետք է լինի աշխարհի ցանկացած ծայրում փորձության մեջ հայտնված յուրաքանչյուր հայի ցավին ու տառապանքին արձագանքելը՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից, միասնական ուժերով նրանց օգնելն ու սատարելը.
«Մեր միասնության և համախմբվածության շնորհիվ միայն հայության ազգային իղձերը իրականություն կդառնան, և հայն աշխարհին կներկայանա որպես հավաքական կամքի օրինակ՝ ի չիք դարձնելով բոլոր հակառակորդների, հետադիմական բոլոր ուժերի ու հոսանքների հակահայ նկրտումները»,- հավելեց երկրի ղեկավարը:
Հարակից հրապարակում`
«Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնաբար պետք է պայքարեն ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար»
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան