ԵԽԽՎ-ի Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ ադրբեջանցի քաղբանտարկյալ Անար Մամադլին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր կայացավ Վացլավ Հավելի 2014թ․-ի մրցանակի հանձնման արարողությունը։ Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից հայտնում է, որ մրցանակի հանձնման արարողությունից առաջ տեղի է ունեցել Վացլավ Հավելի մասին պատմող կարճ ֆիլմի ցուցադրություն։ Վեհաժողովի դահլիճում էին Հավելի մրցանակի հավակնորդները, իհարկե բացառությամբ ազատազրկված Անար Մամադլիին, ում ներկայացնում էր նրա հայրը՝ Ասաֆ Մամադովը։
«Վացլավ Հավելի մրցանակը մեր ընդհանուր ինքնությունն է։ Ընտրությունը բավական բարդ էր, բայց մենք պետք է կատարեինք այս ընտրությունը»,-ասաց Անն Բրասյորը և հայտարարեց Վացլավ Հավելի մրցանակի հաղթողին՝ ադրբեջանցի քաղբանտարկյալ Անար Մամադլի։
Վացլավ Հավելի դիպլոմը հանձնվեց Անար Մամադլիի հորը՝ Ասաֆ Մամադովին։ Մրցանակակրին տրվեց նաև 60 հազար եվրո։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս տարվա Վացլավ Հավելի մրցանակի համար ներկայացված 56 թեկնածուներից ընտրվել էր 3 թեկնածու։
Վացլավ Հավելի 2014թ․-ի մրցանակի 3 հավակնորդներն էին ադրբեջանցի իրավապաշտպան, ներկայումս բանտարկված Անար Մամադլին, ով մեծ ներդրում է ունեցել ազատ ընտրության իրավունքի պաշտպանության գործում։ Նա հիմնադրել և ղեկավարել է Ադրբեջանում ընտրությունների դիտարկման կազմակերպությունը։ 2001թ․-ից նրա հիմնադրած «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնն» իրականացնում էր Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգը։
Անար Մամադլին ձերբակալվել է 2013թ.-ի դեկտեմբերին ՝ Ադրբեջանում կայացած վերջին նախագահական ընտրություններից հետո։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրեցին «իշխանության չարաշահման» և մի շարք այլ հոդվածներով և դատապարտեցին հինգ ու կես տարվա ազատազրկման՝ 2014թ․-ի մայիսին։
Հավելի մրցանակի թեկնածուներից էին իսրայելական առաջատար Բի’Ցելեմ մարդու իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը և Մալթայի փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է փախստականների, ապաստան հայցողների և միգրանտների իրավունքների պաշտպանություն։
Այսօր ԵԽԽՎ դահլիճում էր նաև Վացլավ Հավելի նախորդ տարվա մրցանակակիր, Բելառուսի իրավապաշտպան Ալես Բիալիացկին, ով նախորդ տարի ազատազրկված էր։
Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանության համար տրվող Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013թ․-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի և «Խարտիա-77» հիմնադրամի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները