Արևմուտքը հանուն «Հարավային գազային միջանցքի» աչք է փակելու Ադրբեջանի ժողովրդավարության վրա
ԵՄ-ի կլիմայի փոփոխության և էներգետիկ հարցերով հանձնակատար Արիաս Կանյետեն նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինայում ճգնաժամը ցույց է տվել, թե ինչքան է ԵՄ-ը խոցելի էներգետիկ անվտանգության առումով: Հանձնակատարը կարևորել է «Հարավային գազային միջանցքի» իրականացումը, ինչը թույլ կտա Ադրբեջանից գազը հասցնել եվրոպական շուկաներ:
Ադրբեջանը ցանկանում է ժողովրդավարության պակասը «փոխլրացնել» գազով
ԵՄ-ը նախատեսում է իրականացնել «Հարավային գազային միջանցք» ծրագիրը, որը ենթադրում է կասպյան և կենտրոնական ասիական գազի և նավթի արտահանումը դեպի ԵՄ` Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ:ԵՄ-ը ցանկանում է միավորել Կասպյան տարածաշրջանի գազային համակարգը` եվրոպական գազային շուկային:
Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում լրջագույն խնդիրներ ունեցող և Արևմուտքի կողմից քննադատվող Ադրբեջանը ցանկանում է ապահովել ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը և փորձել նվազեցնել ԵՄ-ի՝ռուսական գազից կախվածությունը դրա դիմաց ստանալով ԵՄ-ի «աչքակապությունը» Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակին:
«Հարավային գազային միջանցք» ծրագիրը Ադրբեջանի համար գերնպատակ է և երկրի բարձրագույն իշխանությունները բազմաթիվ անգամ խոսել են դրա իրականացման քաղաքական կամքի և պատրաստակամության մասին: Նախօրեին Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ 2015թ.-ին «Հարավային գազային միջանցքի» կյանքի կոչման համար պետական բյուջեից կհատկացվի 928 միլիոն մանաթ, իսկ նավթային պետական հիմնադրամից 1 միլիարդից ավել մանաթ:
ՌԴ-ի «Հարավային հոսքը» ընդդեմ «Հարավային գազային միջանցքի»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան շարունակելու է առաջ մղել «Հարավային հոսք» նախագիծը՝ անկախ առկա դժվարություններից: «Հարավային հոսքը» «Գազպրոմի» նախագիծն է, որ ենթադրում է Սև ծովի հատակով անցնող գազամուղի կառուցում մինչև Հարավային և Կենտրոնական Եվրոպա: «Հարավային հոսքը» պետք է տարեկան 63 միլիարդ խմ գազ մատակարարի ԵՄ-ին: Պետք է նշել, որ Մոսկվան ձեռնարկել է այս նախագիծը տարանցման հետ կապված խնդիրներ չունենալու համար:
«Գազպրոմ» ընկերության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ «Հարավային հոսքի» կառուցումից հետո Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի կարիքը՝Եվրոպա գազ արտահանելու համար չի զգացվի: 2013թ.-ին ԵՄ-ը գազի առաքման 39% ապահովել է Ռուսաստանը, 33%՝ Նորվեգիան, 22%՝ Հյուսիսային Աֆրիկան (Ալժիր, Լիբիա): Նոր ռազմավարության մեջ նշվում է, որ ԵՄ-ը ցանկանում է էներգետիկ ենթակառուցվածքներով կապվել նոր տարածաշրջանների, այդ թվում Կասպյան ավազանի երկրների հետ և կյանքի կոչել Հարավային գազային միջանցքը:
ԵՄ-ի կլիմայի փոփոխության և էներգետիկ հարցերով հանձնակատար Արիաս Կանյետեն քննադատել է «Հարավային միջանցք» նախագիծը և հավելել, որ այն հնարավոր է կյանքի կոչել միայն ԵՄ-ի օրենսդրությանը համապատասխանեցնելուց հետո: Արևմուտքը ուկրաինական ճգնաժամի պատճառով ցանկանալով «պատժել» Մոսկվային ցանկանում է խափանել «Հարավային միջացքի» իրականացումը, ինչը տնտեսական մեծ վնասներ կհասցնի գազի և նավթի վաճառքից մեծապես կախված ռուսական բյուջեին: Սեպտեմբերի 18-ին Եվրոպական խորհրդարանը կոչ էր արել ԵՄ-ին չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները «Հարավային հոսքի» հետ կապված:
Արևմուտքը Ադրբեջանին վերապահել է հակառուսական գործոնի դերակատարում
Արևմուտքի համար կարևոր է պահպանել Ադրբեջանի չեզոքությունը ՌԴ-ի կողմից առաջ մղվող ԵՏՄ-ին անդամակցության հարցում, ինչպես նաև էներգետիկ անկախությունը, քանի որ Ադրբեջանը Արևմուտքի համար յուրահատուկ պատուհան է դեպի կասպյան-կենտրոնական ասիական գազանավթային ռեսուրսներով հարուստ տարածաշրջան:
Ադրբեջանի ռուսամետության կամ ԵՏՄ-ին անդամակցության դեպքում այդ պատուհանը կարող է փակվել և էներգետիկ հոսքերը կգնան ոչ թե դեպի Արևմուտք՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան կամ նախագծվող TANAP գազամուղով՝Վրաստանի և Թուրքիայի տարածքով, այլ դեպի հյուսիս՝ՌԴ: Ադրբեջանի շահերից է բխում խաղալ Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների վրա փորձելով դիվիդենտներ ստանալ երկուսից էլ:
Արևմուտքի պարագայում դա «լոյալ» վերաբերմունքն է Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի նկատմամբ, իսկ Ռուսաստանի պարագայում զենքերի գնումը և ղարաբաղյան գործընթացում հնարավոր ադրբեջանամետ դիրքորոշումները:
Ադրբեջանը ցանկանում է միջանցքի դերակատարում խաղալ Արևմուտքի համար՝կասպյան-կենտրոնական ասիական տարածաշրջան ներթափանցելու համար:
Դա այդ երկրի առաջնահերթություններից է՝ դառնալ Արևմուտք-Արևելք էներգետիկ-տրանսպորտային միջանցքի մի կարևոր մասնիկը: Արևմուտքը Հարավային Կովկասի տարածաշրջանում այդպիսի միջանցք կառուցում է օգտագործելով իր ռազմավարական դաշնակիցներին՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին և պատահական չէ, որ հենց այդ երկրների տարածքով են անցնում կասպյան ավազանից դեպի Արևմուտք ձգվող նավթագազամուղերը:
Միջանցքի դեր ստանձնած Ադրբեջանը արդեն իսկ կոնկրետ ռազմավարություն է մշակում այդ ուղղությամբ: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջան-2020» ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանի հասարակական, տնտեսական զարգացման տեսլականը մոտակա 20 տարիների համար:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դառնա Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքների խաչմերուկ և տարածաշրջանում տարանցիկ կարևորագույն օղակ:
Տարանցիկ և էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու համար Ադրբեջանը նախատեսում է մոտակա տարիների ընթացքում արդիականացնել երկաթգիծը, ավտոճանապարհները բերել միջազգային չափորոշիչներին, Կասպից ծովի ափին կառուցել նոր միջազգային առևտրային Ալյաթ նավահանգիստը, ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կառուցել նոր համալիր և օդանավակայանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի:
Նշենք, որ Ալյաթ նավահանգիստը կառուցվում է Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում:
Բացի այդ, Ադրբեջանը նաև կառուցում է Բաքու-Բաթումի ավտոճանապարհը, որը լինելու է բետոնապատ և արագընթաց ու կապահովի Կասպից ծովի ապրանքների տեղափոխությունը Սև ծով:
Արտյոմ Բալասանով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները