Ի՞նչ առաջընթաց է արձանագրվել Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում
Նոյեմբերի 24-ին լրանում է Իրանի և «5+1 խմբի» միջև միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վերջնաժամկետը: Այդ օրը կողմերը պետք է որոշեն ի զորու՞ են հարթել առկա տարաձայնությունները, թե՞ ոչ: Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
-Կա՞ արդյոք հավանականություն, որ նոյեմբերի 24-ին համաձայնություն ձեռք կբերվի:
-Ուսումնասիրելով մեկ տարվա բանակցությունների արդյունքները՝ վերջնական, համապարփակ համաձայնության ստորագրումը քիչ հավանական եմ համարում, քանի որ եվրոպական երկրների արտգործնախարարություններն արդեն իսկ խոսում են բանակցությունների երկարացման հավանականության մասին:Գուցե որևէ միջանկյալ համաձայնության ստորագրվի, և կողմերը որոշեն շարունակել բանակցությունները: ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները մեծամասնություն կկազմեն. Ինչպես հայտնի է հանրապետականներն Իրանի հարցում ունեն ավելի խիստ դիրքորոշում և պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հարցում նախագահ Օբամայի հետ լուրջ տարաձայնություններ ունեն: Ամեն դեպքում միջուկային հարցի քննարկումը բխում է ինչպես Իրանի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերից, քանի որ, դա նաև առիթ է, որպեսզի կողմերը հանդիպեն, տարածաշրջանային այս կամ այն խնդրի առնչությամբ պայմանավորվեն:
- Ի՞նչ խնդիրների շուրջ էին ընթանում բանակցությունները:
-Հիմնականում բանակցություններն ընթանում են ուրանի հարստացման, ցենտրիֆուգների քանակի, միջուկային հաստատություններում ստուգումներ իրականացնելու և պատժամիջոցները չեղյալ հայտարարելու շուրջ: Իրանն էլ իր հերթին պահանջում էր, որպեսզի պատժամիջոցները ոչ թե մաս-մաս, այլ ամբողջությամբ չեղյալ հայտարարվեն:
Իրանի միջուկային խնդիրը վաղուց արդեն դադարել է զուտ միջուկային խնդիր լինելուց. անցած տարիների ընթացքում թնջուկն այնքան է խճճվել, որ քաղաքական մեծ կամք և աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի խնդիրը լուծվի, ինչը ցավոք բացակայում է. Գերտերությունների հակասություններն ավելի են խորանում. Իրանի միջուկային խնդիրը միանշանակ կապված է «5+1 խմբի» անդամ երկրների՝ միմյանց հետ ունեցած հակասությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների հետ:
-Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագրի ստորագրումից շուրջ մեկ տարի է անցել. Ի՞նչ առաջընթաց է արձանագրվել Իրանի միջուկային խնդրի հարցում:
- Ներկայում միջազգային հանրությունը` ի դեմս Միացյալ Նահանգների, Իրանի միջուկային խնդրի լուծման ճանապարհը տեսնում է, ոչ թե ռազմական հարձակումը, այլ բանակցությունները: Մեղմացել է Իրանի հետ վերջնագրերով խոսելու քաղաքականությունը, ի պատասխան դրան, Իրանն էլ իր հերթին որոշ զիջումների է գնացել, ինչը նվազեցնում է տարածաշրջանում նոր պատերազմ սկսվելու հավանականությունը: Բացի այդ, վերջին 30 տարվա ընթացքում թերևս աննախադեպ իրողություն է, երբ Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարները ամիսը մեկ անգամ կարող են ուղղակի բանակցություններ վարել. Դա կարծում եմ մեծ առաջընթաց է, որ փոխվստահության մթնոլորտ է ստեղծում կողմերի միջև: