Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցի ավիատորները մինչև օրս չգիտեն, որ ՄԻ-24 ուղղաթիռը նաև զրահավորված է
«Զավեշտալի է միգուցե, բայց ադրբեջանցի ավիատոր արտահայտությունն արդեն մի քիչ ծիծաղ է առաջացնում: Տխուր է, որ ադրբեջանցի ավիատորները մինչև օրս չգիտեն, որ ՄԻ-24 ուղղաթիռը նաև զրահավորված է: Ճիշտ է օդում պայթյուն է տեղի ունեցել, բայց օդաչու-օպերատորի խցիկին պայթյունը չի հասել: Այդպես է, ըստ էության, նրա մարմինը փրկվել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմից հնչող հերքումները՝ կապված ԼՂՀ զինված ուժերի կողմից իրականացված խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության հետ, մասնավորապես, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացրած լուսանկարները որևէ կապ չունեն խոցված ուղղաթիռի հետ:
Ա. Հովհաննիսյանը նաև նշեց, որ օդաչու-օպերատորի ու տեղանքի վրա լցված նավթը թույլ չի տվել, որ գիշատիչ գազանները մոտենան այդտեղ, սառը եղանակն է հնարավորություն է տվել, որ օդաչուի մարմինը համեմատաբար պահպանվել է այդ իրավիճակում:
«Մնացածը մեծ հաշվով Արցախի պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների հիանալի աշխատանքի արդյունք է, և ինչքան էլ փորձեն հերքել, ավելի ծիծաղելի իրավիճակում են հայտնում, ոչ ավելին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական բրիգադի հրամանատարի պաշտոնանկությանը, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ նա նշանակվել էր երեք ամիս առաջ՝ օգոստոսյան դեպքերից հետո. «Նա փոխարինել էր նախկին հրամանատարին: Հատուկ գործողությունից հետո նրան ազատել են, այսինքն նրանից գոհ չեն եղել»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից հայկական ուղղաթիռը խոցվել էր նոյեմբերի 12-ին: Մի քանի օր անց ԼՂՀ զինված ուժերը դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: