Բարաք Օբաման Կոնգրեսին սպառնացել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում վետո կիրառել
«Բարաք Օբաման Կոնգրեսին սպառնացել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում վետո կիրառել»,-այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում ունեցած տարեկան ելույթի ընթացքում, անդրադառնալով Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու՝ Կոնգրեսի ցանկությանը, մասնավորապես նշել է. «Նոր պատժամիջոցները կհանգեցնեն դիվանագիտական ջանքերի ձախողմանը և Միացյալ Նահանգներին կհեռացնեն դաշնակիցներից, բացի այդ՝ կրկին կվերսկսի Իրանի միջուկային ծրագիրը»:
Շարունակելով խոսքը՝ Միացյալ Նահանգների նախագահը հավելել է. «Ամերիկացիների սպասումն այն է, որ ռազմական ճանապարհը Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման վերջին տարբերակը լինի, և ես հակված եմ հարգել ժողովրդի ցանկությունը»:
Բարաք Օբաման իր ելույթում ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը հակված է, որ Իրանի միջուկային խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով:
«Վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ Իրանի հարցում մեր դիվանագիտությունը աշխուժություն ցուցաբերեց և մենք կարողացանք կանգնեցնել Իրանի միջուկային առաջընթացը: Մենք հույս ունենք, որ գարնանը ձեռք կբերենք համակողմանի համաձայնություն, որը կապահովի Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի անվտանգությունը և կչեզոքացնի Մերձավոր Արևելքում նոր պատերազմի վերսկսման վտանգը»,-հավելել է ԱՄՆ նախագահը: