«Հայ-իրանական հարաբերությունները քրիստոնյա և մահմեդական երկրների համագործակցության տեսանկյունից օրինակելի կարելի է համարել»
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իրանի փոխշահավետ ու բազմաբովանդակ հարաբերությունները: Յուրաքանչյուր նման հանդիպում նպաստում է փոխգործակցության առավել զարգացմանը և անմրապնդմանը»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը իր հերթին նշել է, որ Իրանը մեծ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը: Իրանի արտգործնախարարը կարևորել է իրանահայ համայնքի դերակատարումը ինչպես երկրի զարգացման գործում, այնպես էլ՝ հայ-իրանական փոխգործակցության խորացման համար։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ վերահաստատելով երկուստեք պատրաստակամությունը՝ զարգացնելու մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը: Նախարարները համակարծիք են եղել, որ հայ-իրանական հարաբերությունները քրիստոնյա և մահմեդական երկրների համագործակցության տեսանկյունից օրինակելի կարելի է համարել։
Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Բանակցությունների օրակարգում են եղել առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցերը։ Այս համատեքստում անդրադարձ է արվել համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ: Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես կողմ է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։
Նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում դրական միտումների վերաբերյալ, և հույս հայտնել, որ խնդրի շուրջ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները ճանապարհ կհարթեն հարցի համապարփակ կարգավորման համար:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում