Տ. Ուրիխանյան. Գագիկ Ծառուկյանն անհանգստացած չէ
«Շուտով հակիրճ կծանոթանաք ԲՀԿ առաջնորդի համապարփակ, բոլոր հարցերին պատասխան տվող, խիստ քաղաքական, ծանրակշիռ, առանց ջղագրգիռ պոռթկումների, Հայաստանի քաղաքացիների հոգսով ու դարդով համեմված, լուծումներ առաջարկող ելույթին»,-ԲՀԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Պատասխանով հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն անհանգստացած չէ հարկային ստուգումների, մանդատից զրկելու գործընթաց սկսելուց, Տ. Ուրիխանյանն ասաց. «Շատ մեղմ ասած՝ ոչ: Գագիկ Ծառուկյանն անհանգստացած է նրանով, որ Հայաստանում շուրջ 1 միլիոն մարդ աչքերն արցունքոտում է դեղի ու հացի կարիքից ելնելով, մարդիկ ճարահատյալ հրկիզում են իրենց ու երեխաներին»:
Խոսելով ստուգուների մասին, Տ. Ուրիխանյանն ասաց. «Ի՞նչ է՝ Հայաստանում մինչ այս օրենք էր խախտվում, իսկ այսուհետ չի՞ խախտվելու: Զարմացնում է նման հակասությունը»:
Մանդատից զրկելու վերաբերյալ էլ ասաց. «Ինչ՞ հիմքով: Բացակայություննե՞րի, որոնք նախորդ և գործող Ազգային ժողովի նախագահները համարել են հարգելի»:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթում ասել է. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին: … 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան