Իրավապաշտպանները ԵՄ պաշտոնյայից պահանջում են Ադրբեջանում բարձրաձայնել քաղբանտարկյալների հարցը
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch, International Partenrship for Human Rights և Front Line Defenders կազմակերպությունները Եվրամիության մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբիրիդիսից պահանջել են Բաքվում բարձրաձայնել այդ երկրի քաղբանտարկյալների հարցը:
«ԵՄ-ի մարդու իրավունքների հարցերով ներկայացուցչի Բաքու կատարելիք այցը հազվադեպ հնարավորություն է կոչ անելու Ադրբեջանի իշխանություններին` դադարեցնել իշխանություններին քննադատողների դեմ իրականացվող արշավը, ազատ արձակել տասնյակ ակտիվիստների և լրագրողների, որոնք ձերբակալվել են շինծու մեղադրանքներով: Սա նաև կարևոր պահ է Ադրբեջանին հասկացնելու, որ մարդու իրավունքների խախտումների աղաղակող վիճակը կարող է լրջագույն խոչընդոտ դառնալ ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում»,- նշված է հայտարարության մեջ:
Իրավապաշտպան կազմակերպությունները հիշեցնում են, որ Ալիևի ռեժիմը տարիներ շարունակ լռեցնում է քննադատող ձայները, ճնշումներ է գործադրում ակտիվիստների, բլոգերների և լրագրողների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, ըստ հայտարարության, վերջին մեկ տարում Ադրբեջանում քաղաքական նկատառումներից ելնելով շինծու մեղադրանքներ են ներկայացվել ավելի քան 30 ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ, որոնց արդյունքում վերջիններս հայտնվել են բանտում:
Հայտարարության հեղինակները ևս մեկ անգամ շեշտում են, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հալածված ընդդիմադիրներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեծ հույսեր են կապում ԵՄ-ի հետ` առ այն, որ այդ կառույցը հավատարիմ կմնա մարդու իրավունքների պաշտպանության իր հիմնարար սկզբունքներին:
Մարդու իրավունքների գծով հատուկ ներկայացուցիչը այսօր Բաքվում մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի իշխանությունների հետ: