Ջեն Պսակի. Նեթանյահուի հաղթանակը չի կարող ազդել Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների վրա
«Նեթանյահուի հաղթանակը չի կարող ազդել Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների վրա»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Պսակին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը տեղի ունեցած Իսրայելի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Նեթանյահուի հաղթանակին, մասնավորապես նշել է. «Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունները շարունակվում են նախկին ընթացքով, և Իսրայելում որևէ փոփոխություն չի կարող ազդել դրանց վրա»:
Նշենք, որ այս օրերին շվեյցարական Լոզան քաղաքում Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև միջուկային խնդրի շուրջ բանակցություններ են ընթանում:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հնարավոր է, որ բանակցությունները շարունակվեն մինչև կիրակի: Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների հետագա շարունակությունը կախված է այն հանգամանքից, թե առաջիկա երկու օրվա ընթացքում ինչ առաջընթաց կարձանագրվի:
Նախօրեին Իրանի ԱԳՆ մանլո խոսնակ Մարզի Աֆխամը հայտարարեց, որ Պայմանավորվածություն կա՝ մինչև մարտի վերջ գտնել միջուկային խնդրի լուծման ճանապարհը, որից հետո նոր պետք է անցնենք մանրամասնությունների քննարկմանը: Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ միջուկային խնդրի տեխնիկական հարցերի շուրջ 90 տոկոսի շուրջ համաձայնություն է ձեռք բերել. Կողմերը միայն մեկ կարևոր խնդրի շուրջ անհամաձայնություն ունեն: