Թուրք-իրանական «հակամարտության» նոր դրսևորում. Էրդողանի՝ Իրան կատարելիք այցը հնարավոր է չեղյալ հայտարարվի
Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին մարտի 15-ին Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազի հետ ունեցած հանդիպման ավարտին հայտարարել էր, որ առաջիկայում Թեհրան կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թեև իրանական մամուլում վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Էրդողանի՝ Իրան կատարելիք այցի թեման, սակայն այցի հստակ ժամկետներ դեռ չեն նշվում, ավելին Թուրքիայի նախագահի՝ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքը, և պաշտոնական Թեհրանի կոշտ արձագանքը կարող են առիթ հանդիսանալ, որպեսզի անորոշ ժամանակով չեղյալ հայտարարվի Էրդողանի այցը:
Իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, այն հարցին, թե տարածաշրջանում (Սիրիա, Իրաք, Եմեն) Իրանի ունեցած դերակատարության մեծացումն արդյո՞ք անհագստացնում է Թուրքիային, Էրդողանը մասնավորապես նշել է. «Կասկած չկա, որ Իրանը ցանկանում է վերահսկել ողջ տարածաշրջանը, իհարկե, դա դրական զարգացում չէ: Մենք Սիրիայի և Իրաքի հարցով խոսել ենք նրանց (իրանցիներ) հետ, սակայն առայժմ որևէ դրական տեղաշարժ չենք արձանագրել: Ինչ վերաբերում է «Իսլամական պետությանը», ապա Իրանն այդ հարցում անկեղծ չի գործում: Իրանը փորձում է «Իսլամական պետության» տնօրինման ներքո գտնվող տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել և շիա-սուննի հակադրության ֆոնին գործողություններ կատարել»:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արձագանքելով Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը, նշել է. «Այն մարդիկ, որոնք իրենց ռազմավարական սխալների և հավակնոտ քաղաքականության արդյունքում անդառնալի կորուստներ են ունեցել, լավ կլինի պատասխանատու քաղաքականությամբ նպաստեն տարածաշրջանում կայունության հաստատմանը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ընդամենը մի քանի ամիս առաջ Մարմարայի համալսարանում ունեցած ելույթի ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հասցեին վիրավորական հայտարարություններ էր հնչեցրել, ինչին ևս հետևել էր Իրանի ԱԳ նախարարության կոշտ արձագանքը:
Էրդողանի վերջին հայտարարությունը մեծ զայրույթ է առաջացրել նաև Իրանի բարձրաստիճան հոգևորականների շրջանում: Մասնավորապես Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սեյյեդ Հասան Ամելին այսօր տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարությանը հորդորել է վերանայել Թուրքիայի նախագահի՝ Իրան կատարելիք այցի օրակարգը:
Անդրադառնալով թուրք-իրանական հարաբերություններում առկա խնդիրներին՝ նկատենք, որ սիրիական հակամարտության սկզբնավորումից մինչ օրս Իրան-Թուրքիա հարաբերությունները գտնվում են լարված, փոխադարձ անվստահության մթնոլորտում:
Տարիներ ի վեր Թուրքիան օգտվել է Իրանի պատժամիջոցներից և փորձել, այդ առիթն օգտագործելով, տարածաշրջանում Իրանի նկատմամբ գերիշխող դիրք գրավել:
Սակայն Ռոհանիի՝ իշխանության գալուց հետո իրավիճակը փոխվեց. Այժմ տարածաշրջանում կայունության հաստատման գործում Վաշինգտոնը կարևորում է Թեհրանի դերը և «Իսլամական պետության» դեմ պայքարում համագործակցության ուղիներ առաջարկում: Բնականաբար ներկա պայմաններում, երբ Իրանն ու Միացյալ Նահանգները փորձում են կարգավորել երկկողմ հարաբերությունները, Թուրքիան և Սաուդյան Արաբիան Իսրայելի գործուն աջակցությամբ ամեն ջանք գործադրում են՝ խոչընդոտելու հնարավոր մերձեցումը:
Առաջիկայում Իրան-Թուրքիա մրցակցությունը հատկապես նկատելի կլինի Հարավային Կովկասում և Միջին Ասիայում: Ահմադինեժադի կառավարման շրջանում Իրանը զգալիորեն զիջել էր իր դիրքերն այդ շրջանում: Հասան Ռոհանիի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերություններից մեկը վերոնշյալ տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացումն է:
Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Տաջիկստանի հանդեպ Իրանի որդեգրած քաղաքականությունը դրա վկայությունն է:
Տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելուն ուղղված Անակարայի և Թեհրանի պայքարում ակնհայտ է, որ հաղթում է Իրանը. Իրանի միջնորդությամբ հնարավոր է կայանա Դամասկոս-Վաշինգտոն ուղղակի հանդիպումը, Իրանի աջակցությամբ Իրաքի իշխանությունները կարողացան ազատագրել «Իսլամական պետության» տիրապետության ներքո գտնվող տարածքներ և այլն:
Արմեն Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում