Իրանի միջուկային խնդրի լուծմանը նպաստող և խոչընդոտող գործոնները
Շվեյցարիայի Լոզան քաղաքում այս օրերին աշխարհի գերտերությունների մակարդակով ակտիվորեն քննարկվում է Իրանի միջուկային խնդրի շուրջ քաղաքական համաձայնության հասնելու հարցը: Վաղն արդեն ավարտվում են Իրանի միջուկային խնդրի շուրջ ավելի քան երկու շաբաթ տևած բանակցությունները: Դրանց բարեհաջող ավարտը կարող է ամռանը սպասվելիք վերջնական համաձայնության հասնելու գործընթացների սկիզբ դնել:
Վերջին տասնամյակի ընթացքում Իրանի միջուկային խնդրի շուրջ Իրան-«5+1 խումբ» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիա) ձևաչափով բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել. այդ ընթացքում բանակցող երկրների կառավարություններ են փոխվել. աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները հաշվի առնելով այդ երկրները վերանայել են իրենց արտաքին քաղաքականությունը:
Անդրադառնալով Լոզանում ընթացող բանակցություններին՝ նշենք, որ բանակցությունների այս փուլում կողմերը պետք է հասնեն քաղաքական համաձայնության, որից հետո նոր կսկսեն քննարկել ամռանը նախատեսվող վերջնական համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր:
Բանակցությունների այս փուլում առաջին անգամ տեխնիկական մանրամասնություններ քննարկելու նպատակով բանակցություններին մասնակցում են նաև Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարն ու Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարը: Սա նշանակում է, որ կողմերը բացի զուտ արարողակարգային հանդիպումներից՝ փորձում են քննարկել բուն խնդրին առնչվող հարցեր:
Այս օրերին թե՛ իրանական, և թե՛ ամերիկյան կողմից հնչում են այնպիսի ձևակերպումներ («ընդհանուր ըմբռնում», «քաղաքական ըմբռնում, այլ ոչ թե քաղաքական համաձայնություն»), որոնք բազմաթիվ հարցերի տեղիք տալիս, և յուրաքանչյուր կողմ դրանք յուրովի է հասկանում և մեկնաբանում: Բացի այդ՝ կողմերը, թեև հայտարարում են, որ տեխնիկական հարցերի շուրջ 90 տոկոսի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երբեք չեն մանրամասնում, թե հստակ ո՞ր հարցերի շուրջ են միակարծիք, իսկ ո՞ր հարցերի շուրջ դեռևս կան տարաձայնություններ:
Ինչ վերաբերում է միջուկային խնդրի շուրջ համաձայնությանը՝ ապա հավանականությունը շատ քիչ է, որ կողմերն այս օրերին կհասնեն վերջնական համաձայնության:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, օրերս անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Իհարկե, այդ խնդիրն ամերիկացիները ստեղծեցին և եթե ԱՄՆ-ն չլիներ, 2004թ. Իրանը Եվրոպայի հետ միջուկային խնդրի հարցում ձեռք կբերեր համաձայնություն: Եթե եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարներն այն ժամանակ չէին խոստովում, որ ամերիկացիներն են մեղավոր համաձայնություն չկայանալու համար, ապա ներկայում նրանք խոստովանում են դա»:
Եթե 2004թ. միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Եվրամիության միջև համաձայնությանը դեմ էին արտահայտվում Միացյալ Նահանգները, ապա ներկայում միանգամայն այլ իրավիճակ է, միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններում առանցքային դերակատարություն է ստանձնել Վաշինգտոնը, ինչը համաձայնության հասնելու շանսերն ավելի է մեծացնում:
Անդրադառնալով միջուկային խնդրի լուծմանը նպաստող և խոչընդոտող գործոններին՝ նշենք, խոչընդոտող հանգամանքներն ավելի շատ են, քան նպաստողները:
Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում նկատվող դրական զարգացումները միանշանակ նպաստում են խնդրի կարգավորմանը և նվազեցնում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հավանականությունը, սակայն 2016թ. Միացյալ Նահանգներում տեղի կունենան նախագահի, իսկ Իրանում՝ Մեջլիսի ընտրություններ: Ինչպես հանրապետականները Միացյալ Նահանգներում, այնպես էլ պահպանողականներն Իրանում դեմ են քաղաքական իշխանությունների՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ որդեգրած քաղաքականությունից:
Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում միջուկային խնդրի հանգուցալուծմանը դեմ են արտահայտվում Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան, որոնցից յուրաքանչյուրն իր մեթոդներով է գործում հնարավոր համաձայնությունը խափանելու համար: Այդ երկրներից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ միջուկային խնդրի լուծմամբ տարածաշրջանում ոչ միայն նվազելու է իրենց դերակատարությունը, այլև հսկայական վնասներ են կրելու նաև տնտեսական դաշտում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գների անկմանը, հայտարարել է, որ այն երկրները, որոնք նախաձեռնել են նավթի գների նվազեցման գործընթացը, զղչալու են. Սաուդյան Արաբիան և Քուվեյթն Իրանից ավելի շատ են տուժելու:
Այդ համատեքստում հավելենք, որ այս օրերին միջուկային խնդրի շուրջ սպասվող հնարավոր համաձայնության գործոնի ազդեցությամբ նավթի համաշխարհային շուկայում նավթի գների անկում է արձանագրվել: Իրանի նկատմամբ նավթի ոլորտում սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարվելուց հետո իրանական նավթի արտահանման ծավալաները կտրուկ կարող են ավելանալ:
Իրանի միջուկային խնդրի լուծումը եթե ոչ անմիջականորեն կապված է, ապա դրան լուրջ խոչընդոտել և խոչընդոտում են տարածաշրջանում այս կամ այն լարված իրադրությունները: Օրինակ Իրանի և «5+1 խմբի» վճռորոշ հանդիպումներից մեկը համընկավ Սիրիայի նախագահական ընտրությունների հետ, մյուսը՝ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունների սկզբի, իսկ նախավերջին վճռորոշ հանդիպման ընթացքում Գազայի հատվածում սկսվեց պաղեստինաիսրայելական զինված հակամարտությունը: Եվ ահա լոզանյան հանդիպումն էլ ուղեկցվեց Եմենի վրա Սաուդյան Արաբիայի հարձակմամբ և Թուրքիայի նախագահի՝ հակաիրանական հայտարարությամբ:
Իրանի միջուկային խնդիրը վաղուց արդեն դադարել է զուտ միջուկային խնդիր լինելուց. անցած տարիների ընթացքում թնջուկն այնքան է խճճվել, որ քաղաքական մեծ կամք և աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի խնդիրը վերջնական լուծում ստանա: Բացի այդ՝ գերտերությունների հակասությունները գնալով ավելի են խորանում, Իրանը դեռ մի կողմ, «5+1 խմբի» անդամ երկրները միմյանց հետ ունեն լուրջ հակասություններ, ինչպես Իրանի միջուկային ծրագրի լուծման եղանակների, այնպես էլ տարածաշրջանային զարգացումների հարցում, իսկ տարածաշրջանում հին խնդիրները դեռ չլուծված՝ նորերն են առաջանում:
Արմեն Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան