Միջադեպ Բուլղարիայի խորհրդարանում`Հայոց ցեղասպանության հարցի քննարկաման ժամանակ. թուրքերը լքել են դահլիճը
Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկաման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Երբ խորհրդարանը քննարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու հարցը, թուրք պատգամավորները` համաձայն չլինելով հարգել զոհերի հիշատակը, լքել են նիստերի դահլիճը՝ «Ցտեսություն» արտահայտություններով: Այս մասին հաղորդում է բուլղարական «Բլից» պարբերականը:
Սկզբում «Հայրենասիրական ճակատ» կուսակցության պատգամավոր Դմիտրի Բայրակտարովի կողմից առաջ քաշված Ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը մերժվել է՝ ձեռնպահ են հանդես եկել ԳԵՐԲ և ԱԲՎ կուսակցությունները:
Դրանից հետո «Ատակա» կուսակցության անդամ Դեսիսլավ Չուկոլովը պատգամավորներին կոչ է արել Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների 100-ամյա տարելիցին չխուսափել քվեարկությունից:
«Երբ կքվեարկեք, մտածեք ոչ թե Քիմ Քարդաշյանի, այլ հայկական ծագմամբ ձեր ընկերների մասին», - հայտարարել է նա:
Առաջարկությունը կրկին չի ընդունվել:
«Հայրենասիրական ճակատն» առաջարկել է մեկ րոպե լռություն պահպանել: Երբ խորհրդարանի նախագահ Ցեցկա Ցաչևան հարցը քվեարկության է դրել, «Հայրենասիրական ճակատի», Բուլղարական սոցիալիստական կուսակցության և «Ատակայի» պատգամավորները ոտքի են կանգնել՝ հարգելու զոհերի հիշատակը, իսկ «Հանուն իրավունքի և ազատության շարժման» պատգամավորները, որոնք էթնիկ թուրքեր են, լքել են դահլիճը:
Ցաչևան բացատրել է, որ մեկ րոպե լռության վերաբերյալ երկու առաջարկություն է ստացվել, սակայն առանց անհրաժեշտ կանոնների պահպանման, ուստի քվեարկել չի հաջողվի: Ի պատասխան՝ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ կուսակցության» համանախագահ Վալենտինը Կաբասովը հայտարարել է, որ պատգամավորները ծիծաղելի են՝ վկայակոչելով կաննոները և հարգանքի տուրք չմատուցելով զոհերին:
«Սա պարզապես խելագարություն է», - հայտարարել է Կասաբովը:
Դեսիսլավ Չուկոլովը մոտեցել է ամբիոնին և կրկին առաջարկել քննարկել մեկ րոպե լռության որոշումը: Այդ ընթացքում սրահ են վերադարձել ՀԻԱ-ի պատգամավորները, որոնց Ատակա կուսակցության պատգամավորները դիմավորել են «Էրդողան, Էրդողան» վանկարկումներով:
Երբ առաջարկությունը քվեարկության է դրվել, ՀԻԱ պատգամավորները կրկին լքել են սրահը՝ ասելով «Ցտեսություն»:
Քննարկումը շարունակվում է: Խորհրդարանը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և ապրիլի 24-ը պաշտոնապես հիշատակի օր ճանաչելու որոշումը: