Նախագահ. «Թուրքիայի ժխտողական կեցվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում 21-րդ դարի արժեհամակարգային իրողություններում»
Թուրքական «Հյուրիեթ» թերթը այսօր առավոտյան ընդարձակ հարցազրույց է հրապարակել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Թուրք լրագրողի հարցին՝ որպես քաղաքական գործիչ, ով մեծ ջանքեր է ներդրել Ձեր երկրի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացում, ո՞րը կլիներ Ձեր երազած սցենարն այս տարի ապրիլի 24-ի ոգեկոչման օրը, Նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ նման տարբերակ կարող էր լինել Թուրքիայի Նախագահի հետ միասին Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը և հուշահամալիրից ի լուր աշխարհի հայտարարելը, որ մենք միավորում ենք ջանքերը՝ անցյալի ցեղասպանությունների դատապարտման և հնարավոր նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Հենց այս նպատակն էր հետապնդում մեր կողմից Թուրքիայի Նախագահին ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկելը։ Ցավոք, սա ևս մեկ կորսված հնարավորություն էր Թուրքիայի համար»։
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե արձանագրությունները կյանքի կոչվեին, արդյո՞ք Հայաստանը կշարունակեր իր ագրեսիվ արշավը՝ կոչ անելով պետություններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սերժ Սարգսյանն ասել է. «Նախևառաջ «ագրեսիվ» բնորոշումը տեղին չէ: Մեր քայլերը նախահարձակ բնույթ չեն կրում և ուղղված չեն Թուրքիայի ժողովրդի դեմ: Երկրորդ՝ ես կխուսափեմ «եթե»-ով հարցից: Դա գործընթաց էր, որը չհասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը: Հաջողությամբ պսակվելու դեպքում թերևս կունենայինք այլ իրականություն. չի բացառվում, որ հետագայում հենց Թուրքիան ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, և մեր ժողովուրդների միջև իրական հաշտեցման փուլ թևակոխեինք: Իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք: Տարբեր պետությունների և կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ներկա միտումները միջազգային հանրության՝ մարդկության նկատմամբ հանցագործությունների անպատժելիության անթույլատրելիության քաջ գիտակցման և համատեղ ջանքերով դրանց կանխարգելման արդյունավետ կառուցակարգերի մշակման անհրաժեշտության գործնական դրսևորումն է: Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շարունակական գործընթացը պետք է որ թուրքական իշխանությունների համար լուրջ ազդակ լինի առ այն, որ այս հարցում Թուրքիայի ժխտողական կեցվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում 21-րդ դարի արժեհամակարգային իրողություններում»: