Սիրիայի հայության վերաբերյալ երբեմն անհիմն տեղեկություններ են հրապարակում. Արամ Ա Կաթողիկոս
Հալեպում քրիստոնեական՝ ներառեալհայկական շրջանները իրար մոտ լինելով հաճախ են ռմբակոծությունների ենթարկվում: Այս իրավիճակում ի՞նչ պետք է անել: Այս հարցին որևէ պատասխան տալը շատ դժվար է: Այդ մասին մայիսի 13-ին երեկոյան Նյու Ջերսիում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը:
Նրա խոսքով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը ու ինքն անձամբ հետևում է Հալեպում ստեղծված վիճակին, կապի մեջ է Առաջնորդարանի սրբազանի ու համայնքային պատասխանատուների հետ, ովքեր իրեն են փոխանցում հստակ տեղեկություններ:
«Մարդասիրական օժանդակությունները շարունակվում են: Այս կապակցությամբ ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակում են սիրիահայությանը և կոչ ենք անում շարունակել օժանդակել:
Բայց հետևյալ երևույթին կցանկանայի անդրադառնալ. գիտեք, որ որոշ անհատներ Հայաստանի ու Սփյուռքի մյուս գաղութներում Սիրիայի հայության վերաբերյալ երբեմն անհիմն տեղեկություններ են հրապարակում, անիմաստ առաջարկներ ներկայացնում, որոնք պղտոր մթնոլորտ են ստեղծում ու փաստորեն միայն վնաս են պատճառում Սիրիայի հայությանը: Ճիշտ չէ, առանց տեղյակ լինելու Հալեպի ներքին կացության և դրան վերաբերող քաղաքական իրավիճակին, հանգիստ պայմաններում ապրող անհատները անտրամաբանական տեսակետներ հայտնեն ու առաջարկներ ներկայացնեն համացանցի միջոցով: Սիրիահայության անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Ներկա տագնապալից կացության մեջ մենք իրապաշտ մոտեցմամբ պետք է շարունակենք փորձել կարելին անել: Բնականաբար, ճիշտ չէ այդ մասին հրապարակային հայտարարություններ անել»,- իր ելույթում ասել է Նորին Սրբությունը, տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կայքից:
Նախորդող հրապարակում՝
Հալեպահայերը խնդրում են օգնել իրենց մեկ ուղղությամբ թռիչքի տոմս ձեռք բերել. «Հալեպ» ՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները