«Jewish Leader». «Բոլոր լուրջ գիտնականները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»
«Jewish Leader» պարբերականում լույս է տեսել ամերիկացի դիվանագետ Սթյուարտ Շվարցշտեյնի հոդվածը նվիրված Հայոց ցեղասպանությանը, որում հեղինակը շեշտադրում է այն հանգամանքը, որ գրեթե չկա այնպիսի լուրջ գիտնական, որը չընդունի Հայոց ցեղասպանության փաստը:
«Բազմաթիվ ընթերցողներ, անկասկած, գիտեն, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման օրն է: Ես հատուկ եմ այդ եզրույթն օգտագործում. Փրինսթոնի համալսարանից մի պատմաբանից բացի (ով կապեր ունի թուրքական կառավարության հետ), ես Օսմանյան կայսրության պատմությունը կամ այն, ինչը մենք այսօր Ցեղասպանություն ենք անվանում, մարդկանց կանխամտածված սպանությունն ուսումնասիրող գոնե մեկ լուրջ գիտնական չեմ ճանաչում, ով չհամարի, որ 1915-1916 թ.թ. ավելի քան 1.5 մլն հայերի սպանությունը պետք է Ցեղասպանություն կոչել: Ցավոք, Թուրքիայի կառավարությունն այդպես էլ չի ընդունում, որ այդ մեծ չարագործությունը Ցեղասպանություն է»,- գրում է հեղինակը:
Այս համատեքստում վերջինս հիշեցնում է, որ չնայած Թուրքիայի մերժողականությանը, մեծ թվով կառավարություններ և օրենսդիր մարմիններ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հոդվածագիրը հիշեցնում է, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների, Ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչում նաև Միացյալ Նահանգները, չնայած, որ սենատոր եղած ժամանակ Բարաք Օբաման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հեղինակը անդրադառնում է նաև Իսրայելի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում, վկայակոչում Գերմիայի կողմից Հոլոքոստի ճանաչումը և որպես կանխամտածված ժխտմանը հակառակ օրինակ մեջբերում է Գերմանիայի նախկին նախագահներից Ռիխարդ Վեյցզաքերի ելույթից մի հատված. «Մենք հարգում ենք, մասնավորապես, 6 մլն հրեաների հիշատակը, ովքեր սպանվել են գերմանական համակենտրոնացման ճամբարներում: Հրեա ժողովուրդը հարգում է,և մենք միշտ հարգելու ենք: Մարդ լինելով՝ մենք միշտ հաշտեցում ենք փնտրում: Եվ հենց այդ պատճառով մենք պետք է հասկանանք, որ առանց հիշատակը հարգելու հաշտեցումն անհնար է»:
Հեղինակի դիտարկմամբ` այս խոսքերը չպետք է մոռացվեն և թուրքական կառավարությունը նույնպես պետք է հետևի գերմանացիների օրինակին, ովքեր, մեծ վշտակցությամբ ընդունելով 6 մլն հրեաների սպանության պատասխանատվությունը, այդ կերպ հնարավոր դարձրեցին հաշտեցումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը