Իրանցի գեներալ. «Հեզբոլլահի» 80 հազար հրթիռներ պատրաստ սպասում են Իսրայելի վրա հարձակմանը
«Հեզբոլլահի» 80 հազար հրթիռներ պատրաստ սպասում են Իսրայելի վրա հարձակմանը,-այդ մասին իրանական «Փրեսս.թիվի» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, գեներալ Յայհա Ռահիմ Սաֆավին:
Իրանցի գեներալը «Երկու հայացք» հաղորդմանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ժամանակ առ ժամանակ հնչող ապառնալից հայտարարություններին, մասնավորապես նշել է. «Իսրայելը ռազմական առումով չի կարող մեզ համար խնդիրներ ստեղծել. Իրանը ցանկացած հարձակմանը ջախջախիչ պատասխան կտա»:
Գեներալ Սաֆավին, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին, նշել է, որ ներկայում Իրանը տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում մեծ դերակատարություն ունի:
«Ինչպես Իրաքում և Սիրիայում գործունեություն ծավալող օտար ուժերը, այնպես էլ Միացյալ Նահանգների սուզանավերն ամբողջությամբ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության ներքո»:
Հիշեցնենք, որ նախօրեին ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակ-Քեյնը ամերիկյան «NBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի` տարածաշրջանային հակամարտությունների մեջ ներքաշվելուց խուսափելու հետևանքով Իրանը կարողացել է արաբական չորս երկրի` Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և Եմենի, մայրաքաղաքների հանդեպ վերահսկողություն սահմանել: Նրա խոսքով՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան, Իրանի սպառնալիքն ավելի վտանգավոր են գնահատում, քան «Իսլամական պետությանը»:
Հավելենք, որ Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը օրերս Իրաք կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ ահաբեկչության դեմ պայքարում Իրանն իր ողջ կարողությամբ կանգնած է Իրաքի ժողովրդի կողքին: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն էլ ԻԻՀ հոգևոր առաջնորդի` միջազգային հարցերով գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիի հետ հանդիպմանն էլ նշել էր, որ առանց Իրանի բազմակողմանի աջակցության` անհնար կլիներ ահաբեկիչների դեմ պայքարում հաջողություններ արձանագրել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում