Ռիգայի հռչակագիր. «Ողջունում ենք ԵՄ և Հայաստանի միջև ձեռք բերված լիարժեք փոխըմբռնումը» (հատված)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռիգայում ավարտվել է ԵՄ Արեւելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովը, մասնակիցները ընդունել են եզրափակիչ հռչակագիրը, որտեղ արտացոլված են նախաձեռնության անդամ վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և Բելառուս) հետ ԵՄ երկխոսության ներկա փուլը եւ ձեռքբերումները:
Հայաստանին վերաբերվող կետերում, մասնավորապես, ասված է /ներկայացնում ենք կետերը՝ կրճատումներով/.
2. ԵՄ Հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում գագաթաժողովի մասնակից երկրները վերահաստատում են յուրաքանչյուր գործընկեր երկրի ինքնիշխան իրավունքը ազատորեն ընտրելու ձգտումների եւ նպատակների այն մակարդակը, որ տվյալ երկիրը ունի ԵՄ հետ հարաբերություններում: ԵՄ եւ գործընկեր երկրի իրավունքն է որոշելու, թե ինչպես են նրանք մտադիր շարունակելու իրենց հարաբերությունները…
3. Ուկրաինայի դեմ գործողությունները եւ իրադարձությունները Վրաստանում 2014-ից ի վեր ցույց են տվել, որ Եվրոպական մայրցամաքում 21-րդ դարի սկզբին ինքնիշխանության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները չեն կարող ընկալվել, որպես տրված փաստ: ԵՄ շարունակում է իր հանձնառությունը իր բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանն աջակցության հարցում… գագաթաժողովի մասնակիցները ընդգծում են, որ Արեւելյան գործընկերությունը… որեւէ այլ երկրի դեմ նախաձեռնություն չէ: Գագաթաժողովի մասնակիցները արտահայտում են իրենց պատրաստակամությունը մեր մայրցամաքում վստահությունը եւ հավատը վերականգնելու ուղղությամբ:
5. Գագաթաժողովի մասնակիցները ընդգծում են տարածաշրջանում առկա հակամարտությունների հնարավորիս արագ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա: Գագաթաժողովի մասնակիցները արտահայտում են իրենց լիարժեք աջակցությունը Լեռնային Ղարաբաղ հակամարտության առնչությամբ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ներառյալ Նախագահների մակարդակով 2009-ից ի վեր արված հայտարարությունների առնչությամբ…
12. Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են 2013-ին կայացած Վիլնյուսի գագաթաժողովից հետո ձեռնարկված քայլերը ԵՄ եւ գործընկեր երկրներից յուրաքանչյուրի հետ առանձնացված երկկողմ հարաբերություններ զարգացնելու առնչությամբ: Մասնակիցները ողջունում են ապագա համաձայնագրի շրջանակների վերաբերյալ ԵՄ եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված լիարժեք փոխըմբռնումը, որը միտված է երկկողմ համապարփակ համագործակցության առավել զարգացմանը եւ զորեղացմանը բոլոր ոլորտներում եւ հիմնված երկկողմ շահերի վրա: