Դեսպան Ռեիսի. Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու հանգամանքն Իրանի կողմից դրական է ընկալվում
«Իրանցի գործարարները կարող են օգտվել ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանի ընձեռած հնարավորություններից»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Իրանի դեսպանը, անդրադառնալով Հայաստան-Եվրասիական տնտեսական միտություն-Իրան համագործակցության հեռանկարներին, մասնավորապես նշել է. «Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու հանգամանքը Հայաստանի շուկայում իրանական որոշ ապրանքների համար մրցակցային իրավիճակ է ստեղծել, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքներն առանց սահմանափակումների և մաքսային արգելքների ներմուծվում են Հայաստան, սակայն մյուս կողմից իրանցի գործարարները կարող են իրենց ապրանքները Հայաստանի միջոցով արտահանել Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս»:
Շարունակելով խոսքը դեսպան Ռեիսին հավելել է. «ԵԱՏՄ-ին միանալու հանգամանքն Իրանի կողմից դրական է ընկալվում, քանի որ իրանցի արտադրողները կարող են իրենց ապրանքների արտադրական վերջնական փուլն իրականացնել Հայաստանում և իրենց սերտեֆիկացաված ապրանքն արտահանել Հայաստանի անունից: Այդ կերպ իրանական ապրանքը հեշտությամբ կարող է արտահանվել ԵԱՏՄ-ի 200 միլիոնանոց շուկա»:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 8-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ունեցած ելույթի ընթացքում հայտարարել էր, որ անհրաժեշտ է շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրական արեալը նաև հարավային ուղղությամբ, մասնավորապես Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով:
Նախագահը շեշտել էր, որ անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն հատկացնել Հարավարևելյան Ասիան և Պարսից ծոցը ԵԱՏՄ երկրների հետ միացնող խոշոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի ներդրմանը: