Լեզվակռիվ Իրանի և ԱՄՆ ԱԳ նախարարների միջև Վիեննայում
«Վիեննայում ընթացող բանակցությունների ընթացքում Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարների միջև լեզվակռիվ է տեղի ունեցել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ որքան մոտենում է բանակցությունների վերջնաժամկետը, այնքան լարված մթնոլորտում են անցնում քննարկումները:
Նախօրեին արտառոց մի միջադեպ է գրանցվել Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Ներկաների պատմելով՝ Զարիֆն ու Քերին այնքան բարձր ձայնով են միմյանց հետ խոսել, որ առանձնասենյակից դուրս գտնվողները լսել են նրանց ձայները, և Ջոն Քերիի օգնականն է մտել սենյակ և տեղեկացրել, որ դրսում լսվում է նրանց ձայները:
«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած հերթական բանակցություններից մեկի ժամանակ, երբ խոսվել է տարածաշրջանին սպառնացող վտանգների և դրանցում Իրանի ունեցած դերի մասին, ԻԻՀ ԱԳ նախարարը զայրացել է և պատասխանել. «Եթե տարածաշրջանային սպառնալիքի մասին եք խոսում, ապա ես կարող եմ ձեզանից յուրաքանչյուրին Սադդամ Հուսեյնին աջակցելու համար հրավիրեմ միջազգային դատարան»:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումներից մեկի ժամանակ էլ ի պատասխան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության, թե պետք է լքել բանակցությունները և վերադառնալ տուն, Իրանի ԱԳ նախարարը զայրացած արձագանքել է, թե ոչ ոք թո՛ղ չփորձի իրանցիներին սպառնալ: