Իրանի ԱԳ նախարար. Բանակցային սեղանը երբեք չենք լքի
«Եթե հակառակ կողմն արդար և հավասարակշռված մոտեցում ցուցաբերի, միջուկային հարցում անպայման կհասնենք համաձայնության»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ամփոփելով նախօրեին Վիեննայում միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես նշել է. «Ցավոք բանակցությունների ժամանակ տեղի է ունենում դիրքորոշումների փոփոխություն, հակառակ կողմը սկսում է մեծ պահանջներ ներկայացնել, «5+1 խմբի» անդամները հաճախ տարբեր դիրքորոշումներ են ունենում. Այս ամենն իրավիճակն ավելի է բարդացնում»:
Շարունակելով խոսքը՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է. «Մենք ջանքեր ենք գործադրում հասնել համաձայնության, բանակցելու և համաձայնության հասնելու համար ենք նստել բանակցային սեղանի շուրջ. Մենք շարունակում ենք բանակցությունները, բանակցային սեղանը երբեք չենք լքել և չենք լքի»:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ Վիեննայում գտնվող ԱՄՆ-ի պատվիրակությունը Վաշինգտոնի հետ ունեցած խորհրդակցությունից հետո կրկին սկսել է արծարծել այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ կողմերն արդեն համաձայնություն էին ձեռք բերել:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնության հասնելու հավանականությունը 50 տոկոսից քիչ է: