Մենք տեսանք տարածաշրջանային խնդիրներով մտահոգ համահայկական առաջնորդի ելույթ. Շարմազանով
Ադրբեջանն է, որ իր տեռորիստական գործունեությամբ փակուղի է տանում բանակցությունները և չի ցանկանում մոնիթորինգ իրականացնել շփման գծում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներ հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան ելույթի հիմնական մեխերին:
Նշենք, որ նիստը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Է.Շարմազանովը մեջբերեց այն հայտարարությունը, թե հենց Ադրբեջանի ղեկավարն է արհամարհում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հինգ հայտարարությունները՝ ավելացնելով, որ եթե միջազգային իրավունքը, միջազգային հանրությունը և համանախագահները չեն կարող սանձել Ադրբեջանին, որպեսզի նա վերադառնա դեպի կառուցողական հուն, ապա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների անվտանգության երաշխավոր, օգտվելով իր բոլոր իրավական և ռազմաքաղաքական հնարավորություններից, կստիպի հակառակորդին, որպեսզի նա հարգի խաղաղությունը:
Խոսելով Նախագահի ելույթի՝ տարածաշրջանային շեշտադրումների մասին, ՀՀԿ խոսնակն ասաց. «Տեսանք խաղաղություն քարոզող առաջնորդի ելույթ, տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակով մտահոգ առաջնորդի ելույթ»:
Հարցին, թե ինչ հարցեր է քննարկել Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ՀՀԿ խոսնակն ասաց, որ հանդիպումը երկար չի տևել, դրանում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:
«Մենք դրական ենք գնահատում ԱՄՆ, ինչպես նաև համանախագահող երկրների ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, բայց հայ-ամերիկյան հարաբերությունները ավելի լայն են, քան միայն Ղարաբաղյան խնդիրը, ուստի մենք շահագրգռված ենք, որ մեր ամերիկացի գործընկերների հետ այսուհետ ևս խորացնենք հարաբերությունները»,- ընդգծեց Է.Շարմազանովը:
Նա նաև նշեց, որ ԳՄ նիստում ՀՀ նախագահը ներկայացրել է ԱՄՆ կատարած այցի այլ մանրամասները և շեշտեց, որ այն արդյունավետ էր. «Թե՛ այցը, թե՛ հանդիպումները, թե՛ ելույթները ցույց տվեցին, որ համահայկական առաջնորդի ելույթ էր և այց, և տարածաշրջանային խնդիրներով մտահոգված առաջնորդի ելույթ»:
Է.Շարմազանովը ասաց նաև, որ Նախագահն իր ելույթում հստակ նշել է, որ ցեղասպանության միջազգային դատապարտումը չի ավարտվում 100-րդ տարելիցով:
«Մենք շարունակելու ենք մեր ջանքերը ներդնել ընդդեմ ցեղասպանության երևույթի և հանուն ժխտողականության դեմ պայքարի»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր