Սեուլում մեկնարկել է միջուկային անվտանգության գագաթաժողովը
Մարտի 27-ին Հարավային Կորեայի մայրաքաղաքում կայացավ Միջուկային անվտանգության գագաթաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը Սեուլից, գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հեռավոր Արևելքում են գտնվում ավելի քան վեց տասնյակ երկրների առաջնորդներ ու միջազգային կառույցների ղեկավարներ: Նրանց թվում, այսպես կոչված, «միջուկային ակումբի» բոլոր անդամները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, ինչպես նաև Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրաելը:
Այստեղ են նաև այն երկրների ղեկավարները, որոնց տարածքում գործում են միջուկային օբյեկտներ կամ որոնք առնչություն ունեն միջուկային էներգետիկայի, նյութերի ու տեխնոլոգիաների հետ:
Ինչպես իր խոսքում նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, միջուկային անվտանգությունը ժամանակակից աշխարհում լուրջ մարտահրավեր է, հատկապես միջազգային ահաբեկչության ակտիվ գործունեության պայմաններում: «Միջուկային ահաբեկչությունը գլոբալ անվտանգության լրջագույն սպառնալիքներից մեկն է»,- ընդգծել է Բարաք Օբաման ու նշել, որ որևէ երկիր այն միայնակ հաղթահարել չի կարող:
Բարաք Օբաման միջուկային անվտանգության գագաթաժողովի նախաձեռնողն է ու պատահական չէ, որ Սեուլում նրա հնչեցրած ելույթում անդրադարձ կար ոլորտին առնչվող հիմնական խնդիրներին. միջուկային զենքի չտարածում և կրճատում, ռադիոկատիվ նյութերի ապօրինի շրջանառման կանխում, հսկողություն միջուկային զինանոցի և մյուս օբյեկտների նկատմամբ: Այս խնդիրները նախագահ Օբաման շոշափել է և պատրաստակամություն է հայտնել ոչ միայն կրճատել ԱՄՆ միջուկային զինանոցը, այլև՝ Ռուսաստանին համոզել՝ վարվել նույն կերպ, իսկ Իրանին ու Հյուսիսային Կորեային՝ դիվանագիտական ճնշումների միջոցով համոզել, որ ձեռնպահ մնան միջուկային զենք ստեղծելու ծրագրերից:
Նշենք, որ թեև գագաթաժողովը պաշտոնապես կայացել է այսօր, սակայն երկրների ղեկավարները քննարկումները սկսել են դեռևս մարտի 26-ին՝ Սեուլում մատուցված աշխատանքային ճաշի ընթացքում: Ըստ տեղական մամուլի, այդ քննարկումների ժամանակ Բարաք Օբաման Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին հորդորել է ճնշում բանեցնել Հյուսիսային Կորեայի վրա: