Կարելի՞ է ջրել. Երևանում խինդ ու ծիծաղով նշում են Վարդավառը

11:02 15/07/2012 » Հասարակություն

Կարելի՞ է ջրել. Երևանում խինդ ու ծիծաղով նշում են Վարդավառը

Երևանի փողոցներում այսօր առավոտից դույլերը ձեռքներին մեծ ու փոքր Վարդավառ են խաղում: Անցորդներից ոմանք վատ են զգում ջվելու հեռանկարից և «մուննաթով» դժգոհում ջրողին, իսկ մյուսներն էլ ծիծաղում են ու անճարությունից պատրաստ կանգնում ջրվելու համար: Ջրողների թվում կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր նախապես հարցնում են՝ կարելի՞ է ջրել:

Երեխաների ճիչ-աղաղակների ներքո ջրվում են նաև երթուղային տաքսիներն ու տրանսպորտային միջոցները, որոնք իմանալով իրենց գլխին գալիքը փակել են պատուհանները: Ջրի շիթը նաև բարձրահարկ շենքերի վերին հարկերից է թափվում ներքև: Ոմանք իրենց երեխաներին օգնելու համար վերևի հարկերից դույլը պարանով իջեցնում են ներքև:

Տեղեկանք.

Վարդավառը ջրի օրհնության և իրար վրա ջուր ցանելու ավանդույթն է, որը քրիստոնեական շունչ է ստացել: Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: և ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ:

Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայիե: և մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեքե: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան և սաստիկ վախեցան: և Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք և մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8):

Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց