Աբրահամյաններին ու Կարապետյաններին բնակչության անվտանգությունը չի հետաքրքրում

18:20 06/08/2012 » Հասարակություն

Աբրահամյաններին ու Կարապետյաններին բնակչության անվտանգությունը չի հետաքրքրում

Panorama.am-ին ահազանգած քաղաքացիներից մեկն այսօր տեղեկացրեց, որ մայրաքաղաքի սուպերմարկետներում իրացվում են «Արտֆուդ» ընկերության արտադրության պահածոներ, որոնց վրայից բացակայում են պիտանելիության ժամկետի վերաբերյալ մակնշումները:

Նշված ահազանգի հետքերով այցելեցինք Կոմիտաս պողոտայում գործող սուպերմարկետներից մեկն ու, ուսումնասիրելով «Արտֆուդ» ընկերության արտադրանքը, հայտնաբերեցինք` համապատասխան մակնշումները որոշ ապրանքատեսակների վրա իսկապես բացակայում են:

Օրենքի պահանջ հանդիսացող գրություն չի եղել մասնավորապես այսօր խանութից գնված «Սմբուկի խավիար» և «Կարմիր պղպեղ դելիկատես» ապրանքատեսակների վրա (տես լուսանկարը):

Հարկ է նկատել, որ նշված ապրանքատեսակներից առնվազն կարմիր պղպեղի պահածոն սննդային վտանգավոր թունավորումների (մասնավորապես` բոտուլիզմ) պատճառ կարող է դառնալ:

Այն, որ հայրենի գործարարները, այդ թվում նաև սննդամթերքի արտադրության ու ներկրման ոլորտում աշխատող ընկերությունները, աչքի չեն ընկնում բարեխղճությամբ ու սպառողների իրավունքների ու անվտանգության նկատմամբ հոգատարությամբ, նորություն չէ: Բայց զարմանալ կարելի է, թե ուր են նայում այս դեպքում պատական համապատասխան մարմինները` ի դեմս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Կարելի է ենթադրել, որ «Արտֆուդի» նկատմամբ նշված գերատեսչության մեղմ վերաբերմունքը հետևանքն է այն իրողության, որ գերատեսչությունը գործում է Գյուղատնտեսության նախարարության կազմում, դե իսկ նախարարությունն է գլխավորում է «Արտֆուդի» փաստացի սեփականատերերից Սերգո Կարապետյանը:

Պետռեգիստրում, իհարկե, «Արտֆուդ» ՍՊԸ մասնակից նշված է Վաչագան Կարապետյանը` Սերգո Կարապետյանի որդին, բայց երևում է, որ դա պետական մարմինների արդյունավետության վրա որևէ ազդեցություն չունի:

Ի դեպ, պաշտոնական տվյալներով` ընկերության մյուս մասնակիցն էլ Արգամ Աբրահամյանն է, ով իր հերթին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին է: Ստացվում է, որ Հայաստանի ԱԺ նախագահին ու գյուղատնտեսության նախարարին, կամ նրանց որդիներին պատկանող ձեռնարկությունը, ոչ միայն օրենք է խախտում, այլև երկրի բնակչության առողջությանն ու անվտանգությանը սպառնացող գործունեություն է իրականացնում: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց