Ի՞նչ է իրականում տեղի ունեցել կանանց միջև. Ն.Կարապետյանը Ստրասբուրգից հերքում է իր դեմ ուղղված մեղադրանքները
ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանը առաջարկելու է, որպեսզի Էթիկայի հանձնաժողովի նիստը դռնփակ չլինի, ինչպես որ ԱԺ կանոնակարգ օրենքն է պահանջում: Այս մասին Ն.Կարապետյանը փոխանցեց Panorama.am-ին Ստրասբուրգից` արձագանքելով մեր հրապարակմանը:
Նրա խոսքով, իր այդ առաջարկը միտված է բացառապես մի նպատակի, որպեսզի պարզ լինի, թե իրականում ինչ խոսակցություն է տեղի ունեցել իր և Երևանում Մոսկվայի տան տնօրենի միջև:
Հիշեցնենք, նախօրեին տեղեկացրել էինք, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը դիմում է ստացել Մոսկվայի տան տնօրինությունից, որում բարձրացվում է ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի վարքը քննարկելու առաջարկը: Դիմումում նշված է, որ պատգամավորը ոչ կնոջը, ոչ էլ առավել ևս պատգամավորին հարիր պահվածք չի դրսևորել, ու անգամ սպառնալիքներով հանդես եկել:
Ն.Կարապետյանը նշեց նաև, թե ցավում է, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվությամբ, ինչպես նաև սադրանք տարածելով: Սակայն ուրախ է, որ կինը էթիկայի հանձնաժողովին է դիմել, այլ ոչ թե շարունակել այն տոնայնությամբ, ինչ իր հետ է եղել խոսակցությունը...
Ըստ այդմ հանձնաժողովը կպարզի, թե ինչ գործ ունեին միմյանց հետ այս երկու կանայք և կամ ինչու նրանցից ամենքը պնդում է, որ մյուսը կոպիտ է խոսել, սպառնացել ու անգամ հայհոյել:
Ի դեպ, Մոսկվայի տան տնօրինությունն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, որում ավելի մանրամասն կներկայացնի դիմում գրելու դրդապատճառները: