Այսօր Հայաստանը պաշտոնապես կստանձնի ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը
Այսօր, մայիսի 16-ին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նիստում Նախարարների կոմիտեի նախագահությունը պաշտոնապես կփոխանցվի Անդորրայից Հայաստանին: Այդ նպատակով երեկ Ստրասբուրգ է մեկնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մինչ այս միջոցառումը, Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին (Thorbjørn Jagland), որի հետ հանդիպման ժամանակ ըստ ԱԳՆ լրատվական ծառայության, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելը լավ հնարավորություն է, մարտահրավեր, բայց նաև պատասխանատվություն: Հնարավորություն՝ որովհետև Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում, առաջնորդելու է ԵԽ անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը: Մարտահրավեր, որովհետև եվրոպական մայրցամաքը այսօր բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք կարող են դժվարացնել ընդհանուր արժեքների ամրապնդումը և պատասխանատվությունը, քանի որ ԵԽ հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից։
Եվրոպայի Խորհուրդն ունի երկու կանոնադրային մարմին` Նախարարների կոմիտե և խորհրդարանական վեհաժողով: Նախարարների կոմիտեն Եվրոպայի Խորհրդի ղեկավար և որոշումներ կայացնող մարմինն է, կազմված է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից: Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան երկու անգամ: Անդամ երկրները Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնում են վեց ամիս ժամկետով:
Մայիսի 16-ին Ստրասբուրգում ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնելիս, Հայաստանը հրապարակելու է մեր երկրի նախագահության գերակայությունները առաջիկա վեց ամիսների համար:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի գերակայությունները ձևավորելիս փորձել են համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը, որոնք քննարկվել են դեռևս ապրիլին Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Յագլանդի հետ Հայաստան կատարած այցի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով