Վարչապետը` էկոնոմիկայի նախարարին. «Զուգարանները արդյունք չեն տվել, սպասում ենք Ձեր վերլուծությանը»
ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ-ի գերատեսչությունների կատարած աշխատանքների ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք թերություններ են հայտնաբերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Մասնավորապես, բիոզուգարանների տեղադրումը համարվել է ոչ արդյունավետ: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` ներկայացնելով Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները էկոնոմիկայի նախարարության գործունեության վերաբերյալ:
Երկու զուգարանները, որոնք տեղադրված են Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Տաթևի վանքի տարածքում, ունեն տեխնիկական խնդիրներ` անսարքություն: «Ի՞նչ ասեմ, եթե գնահատվում է անարդյունավետ… պարզ է, որ զուգարանը չի աշխատում, պետք է այդ անսարքությունը վերացվի, իսկ դա փող արժե: Մյուս կողմից` արդյոք նմանատիպ զուգարանները մեզ պետք են, թե` ոչ: Եթե կառավարությունը որոշում է, որ նման ծրագիր պետք է իրականացվի, ապա ի՞նչ է նշանակում անարդյունավետ գնահատելը»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:
Վարչապետը հանձնարարեց հարցը քննարկել նախարարությունում, քանի որ վերջին հինգ տարիների ընթացքում այս թեման մշտապես քննարկվել է տուրիզմի զարգացման տեսանկյունից: «Բոլորը բողոքում են, բայց տուրիզմ զարգացնել առանց այդ համակարգի հնարավոր չէ: Ձեր նախարարությունը նախաձեռնել է պիլոտային նախագիծ: Հիմա այդ զուգարանները պետք է աշխատեն ինքնածախսածածկվող սկզբունքով` վճարների, բանկոմատների, գովազդային վահանակների հաշվին: Պրոեկտի իմաստը դրանում էր, սական արդյունք չի տվել, հիմա սպասում ենք ձեր վերլուծությանը, թե ինչպե՞ս պետք է այս խնդիրը լուծվի»,- ասաց Տ.Սարգսյանը:
Նա նաև նկատեց, որ երեկ Արմավիրի մարզում էլ գյուղացիներն այս հարցը բարձրացրել են: «Ասում են` 540 հազար դոլարը ավելի լավ էր տայիք մեզ…գնացել ի՞նչ ծրագիր եք իրականացնում»,-նշեց վարչապետը:
Վ.Աթանեսյանի խոսքերով` զուգարանները ձեռք են բերվել արտաբյուջետային հաշվից` 100 մլն դրամով: