«Արքայազն, այ ընկեր, Մի նամակ ենք քեզ բերել». Բնապահպանները օպերայի շենքի մոտ են
«Հեռու Ջերմուկից», «Հեռու Ջերմուկից» վանկարկումներով Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ բողոքի ակցիա են իրականացնում բնապահպան ակտիվիստները: Փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը իրադարձության վայրից:
Քիչ անց այստեղ կմեկնարկի համերգ, որին ներկա են լինելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը:
Պատ կազմած ոստիկաները հորդորում են ակտիվիստներին հետ կանգնել և չմոտենալ հետնամուտքին: Արմեն Սարգսյանը (նա է արքայազնին Հայաստան հրավիրել) հետնամուտքի մոտ պատրաստվում է դիմավորելու բարձրաստիճան հյուրերին: Ազատության հրապարակում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հիշեցնենք, որ ակտիվիստներն արքայազնին ուղղված նամակում գրել էին. «Արմեն Սարգսյանը, ում մասնավոր հրավերով գտնվում եք Հայաստանում, նորաստեղծ «Լիդիան Ինթերնեշընըլ» հանքարդյունաբերական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ է, նախկինում աշխատել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում, որը ՀԲ Գրուպի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համաֆինանսավորում է Լիդիան Ինթերնեշընըլը: Այս ընկերությունը նպատակ ունի Հայաստանի հարավում՝ առողջարանային հայտնի գոտու սահմանին շահագործել ոսկու հանքավայր: Թեև ոսկին շահագործելու թույլտվությունների հետ կապված ավարտվել է պաշտոնական գործընթացների ընդամենը մի մասը, Հայաստանի հանրությունը վիճարկում է դրանց արդյունքում ընդունված որոշումները և ծրագիրը համարում ապօրինի»:
«Ամուլ սարը մերն է, ոչ թե բրիտանացիները»,-բացականչում են բնապահպաններն ու բարձրաձայն արտասանում.
Բնապահպան ընկերներ
Համերգի ենք մենք եկել
Արքայազն, այ ընկեր
Մի նամակ ենք քեզ բերել
Մենք չենք ուզում քեզ կծել
Այլ նամակը քեզ հանձնել
Քեզ վայել չէ ետնամուտք
Մենք չենք խաղում Ռոբին Հուդ:
Ոսկի չունենք ձեզ տալու
Ջերմուկը հանք չի դառնալու
Հնդիկներին թալնեցիք
Հողն ու ջուրը թույնեցիք
Սևան թույնել դուք կուզեք
բայց չեմ ասում ինչ կուտեք
Հայոց լեռներ բարձր են
Նավատորմի համար չեն
Ամուլ սարը ամուր է
Ով մոտեցավ ամուլ է:
Նախորդող հրապարակումներ`
«Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին». Մատենադարանում սպասում են արքայազնին
Դեսպանը խոստացավ, որ բնապահպանների մտահոգությունները կփոխանցի արքայազնին
Արքայազնն այցելեց Մատենադարան...հետնամուտքով
Մենք գիտենք, որ դուք հանդես եք գալիս հանուն անտառների պահպանության. Բաց նամակ Արքայազն Չարլզին