Կ. Քոչարյան. Եթե չլինի արդարադատություն, Հայաստանում երկու բան է ծաղկելու` սամասուդի ինստիտուտը, կամ լիսկաները
«Եթե չլինի արդարադատություն, Հայաստանում երկու բան է ծաղկելու` սամասուդի ինստիտուտը, կամ լիսկաները, որոնք քիչ չեն Հայաստանում, որոնք այն աստիճան են հաբրգել, սանձերը կտրել, որ ոչ ոք չի կարողանում սանձերը բռնի», - լրագրողների հետ հանդիպման ժամանամկ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` խոսելով հունիսի 1-ին Գորիսում սպանության ելքով տեղի ունեցած միջադեպի մասին:
«Ինձ հավատ է ներշնչում ոստիկանությունը, որը Գյումրիում արեց մի բան, զինաթափեց Լիսկային: Եթե առաջ կրակում ու փախնում էին, հիմա այլևս չեն կարողանում փախնել», -ոստիկանության գործողությունները թվարկեց նա:
Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ մեր մշակույթում բռնություն է առկա ու դա կարող է ամեն ձևով արտահայտվել: Նա նշեց, որ ուղղակի պետք է մտածել` ում ձեռքը զենք տալ, ում ոչ, «որտեղ թաքցնել զենքը, որ որդին չկարողանա գտնել»: Նրա բնորոշմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «զինվորական սինդրոմով տառապող գործիչ է»:
Ա. Ադիբեկյանի կարծիքով, Ս. Խաչատրյանը պետք է պաշտոնանկ լինի:
Կարեն Քոչարյանն էլ ուշադրություն հրավիրեց Ս. Խաչատրյանի հայտարարության այն նախադասության վրա, որ` «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն»: Նա այն որակեց որպես «ցինիզմի» դրսևորում:
Հիշեցնենք, որ Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին գիշերը տեղի էր ունեցել վիճաբանություն, այնուհետև` կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային կրակոցներից մահացել էր, նրա եղբայրը` ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վիճակում տեղափոխվել էր Զինվորական հոսպիտալ: Տուժել էր նաև Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, որը նույնպես հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հարուցվել էր քրեական գործ, որը փոխանցվել է զինվորական դատախազություն: Այդ քրեական գործի շրջանակներում այս պահին կա երկու կալանավորված` Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը և մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը: