Մրգաշատցի. «Նոյան»-ում ծիրանն ընդունում են` գյուղացուն ստորացնելով
«Նոյան» գործարանում գյուղացու ծիրանն ընդունում են 50 դրամով ու բացի էդ, մարդկանց ստորացնելով: Քիչ առաջ Արմավիրի մարզ այցելած լրագրողների հետ զրույցում նման դժգոհություն հայտնեց Մրգաշատ գյուղի բնակիչ Հովհաննես Սողոմոնյանը:
Հովհաննես Սողոմոնյանը Panorama.am-ի թղթակցին ասել է, որ երեկ ինքը գնացել է գործարան, ժամը 13-ի դրությամբ տեսել է 84 մեքենաներից միայն չորսին են ընդունած եղել, մնացածը հերթի մեջ կանգնած սպասելիս ենք եղել:
«Ընդունում են, ճիշտ է, բայց մարդկանց ստորացնելով, գնացեք, տեսեք, ծիրանը հերթի մեջ լխկվում, թափվում է, բերքը փչանում է, ու օրերով կանգնում են,- ասաց գյուղացին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմավիրի մի քանի գյուղերի բնակիչներ ոտքի էին կանգնել ու փակել Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան տանող ճանապարհը` դժգոհելով ծիրանի մթերման ցածր գնից:
Այս տարի թեպետ կարկուտը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին, այնուամենայնիվ, կարկտից չտուժած համայնքներում բերքն անհամեմատ առատ է: Այգետերերին չի բավարարում արտահանող և մթերող ընկերությունների կողմից 1 կիլոգրամի կամ 1 արկղի համար առաջարկվող գինը, որը տատանվում է 1 կգ դեպքում 150-300 դրամի սահմաններում, իսկ 1 արկղի դեպքում՝ 1500-2000 դրամի սահմաններում:
Խնդրի վերաբերյալ մարզպետարանում հրավիրվել էր խորհրդակցություն, որի ընթացքում պաշտոնյաններն ընդգծել էին, ծիրանի իրացումը պետք է հնարավորինս այնպես կազմակերպել, որ ոչ այգետերերը վնաս կրեն, ոչ էլ ծիրանի իրացմամբ զբաղվող ընկերությունները: Իսկ «Նոյան» բնական հյութերի գործարանը՝ 1 կգ 50 դրամով սկսել է մթերել հունիսի 22-ից:
Մրգաշատից ռեպորտաժն` ավելի ուշ: