Պաշտպանի գրասենյակից հաշմանդամ կնոջն առաջարկել են սեփական միջոցներով վերելակ տեղադրել շենքում
Հաշմանդամություն ունեցող Աշխեն Մարգարյանն իր խնդիրը նամակով ներկայացրել է վարչապետին, սպասում է կառավարության ղեկավարի պատասխանին: Panorama.am-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ Տիգրան Սարգսյանը ինչ-որ բանով կկարողանա իրեն օգնել:
Հաշմանդամ կինը ցանկանում է մի նամակ էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին գրել: Օրերս հեռուստատեսությամբ տեսել է, որ խորհրդարանի ղեկավարն ընդունել է հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, նրանց հետ քննարկել խնդիրները, ապա հայտարարել. «Ես պատրաստ եմ աջակցել ձեզ յուրաքանչյուր հարցում: Համագործակցությունը հնարավորություն կտա հաղթահարել խնդիրները»:
Հիշեցնենք, որ տեղաշարժվելու խնդիրներ ունեցող կինն ապրում է Եղեգնաձոր քաղաքի Սևակի 9 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկում: Տարիներ շարունակ վարձակալել է 2-րդ հարկում գտնվող տարածք, որտեղ խմորեղենի արտադրամաս է հիմնել:
Աստիճանները մեծ դժվարությամբ իջնող ու բարձրացող կինը մարզպետին, պետգույքի վարչությանը, մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ նախագահի վերհսկողական ծառայության ղեկավարին, առաջին տիկնոջը նամակներ է հղել` խնդրելով իրեն աջակցել վարձակալելու կամ ձեռք բերելու իր բնակարանի հարևանությամբ գտնվող 43 քմ մակերեսով ազատ տարածքը:
Առայժմ որևէ մեկից հստակ պատասխան չի ստացել:
Իսկ պետական գույքի վարչությունը 3-րդ հարկի այդ տարածքը նկուղային հարկի հետ աճուրդի է հանել` մեկնարկային գին նշանակելով ավելի քան 22.5 մլն դրամ:
Առաջին աճուրդը չի կայացել, մասնակցության հայտեր չեն եղել: Հայտնի չէ, երբ կլինի հաջորդ աճուրդը: Իսկ նախկին դատավորի որդին ներկայանում է որպես աճուրդի պոտենցիալ հաղթող, հիմա էլ, ըստ Ա. Մարգարյանի, հայտարարում է, որ առնելուց հետո երրորդ հարկում գտնվող տարածքը վաճառելու է 10 հազար դոլարով:
«Ճարտարապետները եկել նայել են, այստեղ թեքահարթակ կառուցելն անհնար է: Միակ տարբերակը վերելակ տեղադրելն է: Մի քանի օր ինձ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից զանգել են, ասում են, դուք հնարավորություն ունե՞ք վերելակ տեղադրել: Այ քեզ բաաա՜ն»,-ասաց Ա. Մարգարյանը:
Նա հետաքրքրվել է, որ կա ընկերություն, որ վերելակը պատրաստելու, օրինական կերպով տեղադրելու համար պահանջում է 4-5 հազար դոլար գումար:
«Ես այդքան փող ունենայի, հենա կսպասեի, աճուրդը կլիներ, հաղթողից կառնեի էդ տարածքը, էլ ինչի՞ եմ էդքան խառնվում»,-նկատեց Ա. Մարգարյանը:
Նախորդող հրապարակումներ`
«Չի կարելի այդքան մարդուն ցավացնել». Հաշմանդամ կնոջ միակ ցանկությունը` կամ վերելակ դնեն, կամ տարածքն իրեն վաճառեն
Հաշմանդամ կինը սպառնում է ինքնահրկիզվել վիճահարույց տարածքում
Պետգույքի վարչության արձագանքը Panorama.am-ի հրապարակմանը. Վարչությունը իրավասու չէ շրջանցել իրավական ակտերը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում