Հայկական Կիբեր-բանակը գործի է անցել
Հայկական Կիբեր-բանակի կողմից կոտրվել են ադրբեջանական կայքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ու ներկայացրել կոտրված կայքերի ցանկը:
Կոտրած մի քանի տասնյակ ադրբեջանական կայքերում Հայկական կիբեր բանակը տեղադրել է Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը, «Հայկական կիբեր բանակ` ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի», «Նա իր կյանքի գնով պաշտպանեց հայրենիքը» գրություններով:
Հիշեցնենք, հայ զինվորը զոհվել էր ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների ժամանակ` իր առջև դրված մարտական խնդիրը կատարելիս:
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
«ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն»,-ասված էր ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդման մեջ:
Նախորդող`
Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել