ԵԽԽՎ-ում Ալիևը պաշտպանվում էր՝ «հարձակվելով» պատգամավորների վրա
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ժամանել է Ստրասբուրգ՝ ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանակներում։ ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, առաջին հարցը Ալիևին Սոցիալիստների խմբի անունից ուղղեց Իռլանդիայի պատգամավոր Մայքլ ՄաքՆամարան։
ՄաքՆամարայի հարցը վերաբերում էր Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին՝ մասնավորապես Իլգար Մամմադովին և Անար Մամմադլիին։
ՄաքՆամարայի խոսքերով՝ Եվրոպայի խորհուրդը տվել է քաղաքական բանտարկյալի սահմանումը, սակայն զեկուցողին մերժել են մուտքը Ադրբեջան։
Ալիևին ՄաքՆամարան հարց ուղղեց. «Չե՞ք կարծում, որ այս ամենը նվազեցնում է ձեր լեգիտիմությունը՝ նախագահելու այս կառույցում և բաց կթողնեք արդյո՞ք այս բանտարկյալներին»։
Ալիևը բովանդակային պատասխան տալու փոխարեն բորբոքվեց և ասաց, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներ չկան ու պատգամավորին մեղադրեց կողմնակալության և կեղծ տեղեկատվության համար։
«Դուք փորձում եք վիրավորել Ադրբեջանին՝ առանց տեսանելի հաջողության։ Ինչի մասին է վկայում նաև ձեր երեկվա նախաձեռնությունը»,-ասաց Ալիևը՝ կարծիք հայտնելով, որ պատգամավորը ներառված է Ադրբեջանի դեմ տարվող աշխարհաքաղաքական խաղերում։
Բրիտանացի պատգամավորի հարցին` ընտրությունների կեղծման մասին, Ալիևը պատասխանեց, թե պատգամավորը ստում է և նման բան կարող է լինել հենց նրա երկրում։
Նշենք, որ մի խումբ ակտիվիստներ ԵԽԽՎ դահլիճի վերնամասում ծափերով էին ողջունում մարդու իրավուքների վերաբերյալ հնչեցվող քննադատական հարցերին՝ ինչին Ալիևը ևս պատասխան ուներ և ասաց, որ այս երիտասարդները սխալ ազդեցությամբ են ուղղորդվում։
Նախորդող հրապարակումներ`
Հայկական պատվիրակությունը որևէ հարցով չի դիմի Ալիևին. Հ.Նաղդալյան
Ալիևի ելույթի ժամանակ ակտիվիստները կապել են բերանները (լուսանկար)
Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանն իր ողջ հմայքով. Ա.Հովհաննիսյան