Ինչպե՞ս պետք է ծանուցվի քաղաքացին տուգանքի վերաբերյալ. Հ.Սահակյան
Ազգային Ժողովը 24-ժամյա ռեժիմում նախօրեին քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, մասնավորապես փոփոխությունը վերաբերում է 283 հոդվածի 6-րդ պարբերությանը: Նշենք, նախագծով սահմանված փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների վարման դեպքում արձանագրված իրավախախտումներին և դրանց համար սահմանված տուգանքների բռնագանձումներին: Այն սահմանում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը, մասնավորապես` քաղաքացին իր վերաբերյալ կայացված որոշմանը պատշաճ ծանուցված կհամարվի, եթե նա անձամբ ստանա ծանուցագիրը և առկա լինի ստանալու մասին նրա ստորագրությունը:
Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ նախագիծը մեկ նպատակ է հետապնդում` ապահովել քաղաքացու պատշաճ ծանուցման, իրազեկման իրավունքը: Այլ կերպ ասած` իրականացվի այդ սկզբունքը:
«Գործող նախագիծը կարգավորում է ընդամենը մի քանի տարբերակ և սահմանում է, որ եթե քաղաքացին, ենթադրենք, միտումնաբար չի նշել ճիշտ հասցեն կամ իր գտնվելու վայրը, ապա մենք առաջարկում ենք, որպեսզի դա արվի նաև հրապարակային` տուգանքը կամ ծանոցումը տեղադրվի կայքէջում: Բայց մենք առաջարկեցինք նաև տարբերակները դիտարկել, օրինակ, նաև SMS հաղորդագրությամբ ծանուցել, եթե դա հնարավոր է: Կամ` քաղաքացին ինքը որոշի, թե ինչպես իրեն ծանուցեն»,- տեղեկացրեց Հ.Սահակյանը:
Պատգամավորն ընդգծեց` նախագիծը լավն է և հենց այդ պատճառով է նաև, որ այն պետք է արագ ընդունվեր, որովհետև մի շարք քաղաքացիներ այս խնդրի հետ առնչվում են: Ինչ վերաբերում է ընդդիմության արձագանքին, ապա Հ.Սահակյանը մատնանշեց, որ նրանք ևս ողջունում են նախագիծը, սակայն խոսում մեկ այլ խնդրի մասին, որն իրականում այս օրենքով չէ, որ պետք է կարգավորվի:
«Օրինակ ասում են, թե ինչու պետք է միանգամից հարկադիր կատարողը զբաղվի նշանակված վարչական տուգանքի բռնագանձման գործընթացով: Այս խնդրի հետ կապված պետք է հիշեցնեմ, որ ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան` այդ նորմի սահմանադրականությունը որոշելու համար.... այո, խնդիրը առկա է և գոյություն ունի, այն համալիր լուծման կարիք ունի, բայց մենք նաև պետք է սպասենք, որպեսզի ՍԴ-ն տա իր գնահատականը սահմանադրականության հետ կապված»,- նշեց նա:
Ավելացրեց, որ ընդդիմության կողմից ներկայացված հիմնական հակափաստարկը հիմնվում է հենց այդ մտահոգության վրա, սակայն, կրկնեց, դրա պատասխանը կտա ՍԴ-ն:
Հ.Սահակյանը հիշեցրեց նաև, որ ՀՀԿ-ն շրջանառության մեջ է դրել մեկ այլ նախագիծ, որն առնչվում է բանկային հաշիվների վրա կալանք դնելու խնդրին և ասաց, որ առաջարկել են այսուհետ չվճարված տուգանքների դիմաց կալանք դնել հաշվի վրա միայն այն չափով, որը հենց տուգանքի գումարն է կազմում:
«Միանշանակ է, որ այս երկու նախագծերը բխում են մեր քաղաքացիների շահերից և արագ արձագանքման սկզբունքի վրա մենք փորձում ենք իրացնել դրանք: Իհարկե կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն ու թեկուզ և հենց այս ոլորտում, բայց ամեն ինչը ժամանակ է պահանջում»,- հավելեց Հ.Սահակյանը:
Թեմային առնչվող հրապարակում`
ՃՈ-ից տուժածները. «Փոխեք ձեր գործելաոճը»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները