ԵԽԽՎ-ում ընդունվեց Ադրբեջանին քննադատող ևս մեկ բանաձևի նախագիծ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Պիտեր Օմցիգը ներկայացրել է Ադրբեջանին քննադատող բանաձևի նախագիծ։ Այն անվանել են «Եվրոպայի խորհրդի հետ համագործակցող անկախ փորձագետների պաշտպանություն»։ Բանաձևի նախագծում ասվում է, որ ներկայումս Եվրոպայի խորհրդի առաջ ծառացած մարտահրավեր է՝ զարգացնել մասնակցային ժողովրդավարությունը և ուժեղացնել հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը, որն էլ կմեծացնի քաղաքացիների գործողությունների ազդեցությունը։
«Եվրոպայի խորհուրդը ևս շահում է ՀԿ-ների հետ շփումներից։ Մինչդեռ, անկախ փորձագետների հետ արդյունավետ հաղորդակցությունը դառնում է էական՝ բազմակողմ տեղեկատվություն ստանալու տեսանկյունից։ Միայն օբյեկտիվ և անաչառ տեղեկատվությունը կարող է հիմք հանդիսանալ կազմակերպության հարթ և նպատակային գործունեության համար»,-ասված է բանաձևի նախագծում։
Բանաձևում ասվում է, որ 2014թ-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։
Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։
Նշվում է, որ Ջաֆարովին և Ալիևին առաջադրված մեղադրանքները կապված են մարդու իրավունքների ոլորտում իրենց աշխատանքի հետ, ինչպես ճանաչվել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարության մեջ։ Այս գործողությունները ներառում են նաև ԵԽԽՎ-ին իրենց ներկայացրած փորձագիտական եզրակացությունները։
«Հրատապ է, որ Ադրբեջանը պետք է հարգի հիմնարար ազատությունները և զերծ մնա փորձագետներին՝ ԵԽԽՎ-ում և ԵԽ այլ մարմիններում իրենց արտահայտած կարծիքի համար հալածելուց, որը տարբերվում է անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշումից։ Ի հավելումն, վեհաժողովը պետք է քննարկի համապատասխան մեխանիզմների ստեղծման հնարավորությունը, որը կպաշտպանի ԵԽ-ի կողմից հրավիրված փորձագետների ազատ կարծիքի արտահայտումը»,-ասվում է բանաևի նախագծում։
Նախորդող նորություն`
Եվրոպայի խորհուրդը համագործակցում է հանցագործների հե՞տ. Ադրբեջանին քննադատող ևս մեկ հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան