Բոլորի համար սա շատ լավ քննության պահ է. Զ. Փոստանջյան
«Քանի որ ես էի առաջարկությամբ հանդես եկել` ես ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի միանալը դրան` որպես ՀԱԿ-ի ներկայացուցիչ: ՀԱԿ-ը, փաստորեն, մտնում է այդ` իմպիչմենտ պահանջելու գործընթացի մեջ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նա ավելացրեց, որ նախաձեռնությունն ուղղակի պետք է ունենա հստակ հիմնավորումներ, որում պետք է ներառվի նաև, օրինակ, պետական դավաճանությունը:
Նշենք, նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին որոշման նախագիծ է պատրաստում, որից հետո դիմելու է ԱԺ ոչ իշխանական ուժերին` անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և հարցը արտահերթ կարգով քննարկելու համար:
Զ. Փոստանջյանի պատասխանից ստացվում էր, որ Ն.Փաշինյանը միանում է իր` ավելի վաղ ներկայացված իմպիչմենտի անհրաժեշտության պահանջին: Թեև պատգամավորն այդպես էլ չկարողացավ հստակեցնել. «Ըստ էության ես չգիտեմ, թե Ն.Փաշինյանն ինչ է անում` միանում է իմ առաջարկին, թե սեփական նախաձեռնությունն է առաջ քաշում: Ես ութը կետ էի ներկայացրել ԱԺ խմբակցություններին, որ պետք է նախաձեռնեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու գործընթացը: Հիմա Փաշինյանն ասում է, որ սկսում է, որպես ՀԱԿ ներկայացուցիչ, որովհետև ՀԱԿ անդամ է… շատ լավ է, ողջունելի է, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, փաստորեն, ըստ էության սկսում են, մնում է ԲՀԿ-ն»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ է կարծում` ԱԺ ընդդիմադիր գործընկերները կմիանա՞ն այդ գործընթացին, Զ.Փոստանջյանը նախ այս իրավիճակը շատ լավ հնարավորություն որակեց հասկանալու, թե ով ով է, ապա ասաց. «Բոլորի համար սա շատ լավ քննության պահ է` ստուգարքը կստանան, թե ոչ: Ամբողջական իշխանափոխության գործիքներից մեկն էլ սա է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները