Փորձելու են պարտադրել Տեր-Պետրոսյանին` առաջադրվել
«Հրապարակն» անդրադարձել է առաջիկա նախագահական ընտրություններին՝ նշելով, որ ներքաղաքական կյանքում այդպես էլ հստակություն չկա, թե ովքեր են պայքարելու նախագահի պաշտոնի համար: «ՀԱԿ-ում ասում են, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա այդ կառույցը վերջնականապես կփլուզվի: Այս պնդումը չափազանց իրատեսական է: Խնդիրն այն է, որ ՀԱԿ անդամների միջև երբևէ չի եղել որևէ գաղափարական կամ նույնիսկ անձնական ընդհանրություն, և նրանց միավորողը Լևոն Տեր-Պետրոսյանի անձն է, հավատը նրա անսխալականության նկատմամբ:
Եթե ՀԱԿ-ից հանես Տեր-Պետրոսյանին, ապա կպարզվի, որ այնտեղ հավաքված են դարավոր թշնամիներ և քաղաքական ամենամոլի հակառակորդներ, ովքեր ունեն ծայրահեղ տարբեր քաղաքական հայացքներ: Պատկերն ավելի բացահայտ ցույց տալու համար ասենք, որ, բացի Տեր-Պետրոսյանից, ՀԱԿ-ում նախագահական ամբիցիաներ ունեն երկու գործիչներ՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրանք հայտարարում են, որ իրենք կարող են նախագահի թեկնածու առաջադրվել միայն այն դեպքում, եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի: Իսկ քանի դեռ Տեր-Պետրոսյանի առաջադրման հնարավորությունը հարցականի տակ է, նրանք փորձում են ճշտել իրենց հնարավորությունները` բանակցելով ՀԱԿ ներկայացուցիչների հետ, ճշտելու համար, թե ինչ աջակցություն կարող են ակնկալել այդ կառույցի ներսում: …
Լևոն Զուրաբյանը համոզված է, որ ինքն ավելի մեծ վարկանիշ ունի, քան Հրանտ Բագրատյանը, և, բացի այդ, վայելում է Լևոն Տեր-Պետրոսյանի համակրանքը, ում հրահանգով քաղաքական թիմը կաշխատի իր օգտին: Շատերը դա մոլորություն են համարում`ասելով, որ եթե Տեր-Պետրոսյանն անձամբ չառաջադրվի, չի էլ կարող որևէ մեկին պարտադրել աշխատել որևէ այլ թեկնածուի օգտին:
Հրանտ Բագրատյանը փորձում է իր թիմակիցներին համոզել, որ ինքը 2013թ-ի նախագահական ընտրությունները համարում է ընդամենը ապագա հաջողություններին նախապատրաստվելու հնարավորություն: Ըստ Բագրատյանի, հիմա պետք է կարողանալ ստանալ առավելագույնը` 10-15%, և պատրաստվել 2018թ-ի նախագահական ընտրություններին` արդեն հաղթանակի հասնելու համար: Չնայած Հրանտ Բագրատյանն ավելի մեծ հեղինակություն է ՀԱԿ անդամների համար, բայց ՀԱԿ-ում հիմա չեն մտածում 2018թ-ի մասին: ՀԱԿ վերնախավի ավելի պրագմատիկ ներկայացուցիչները համոզված են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ակտիվ քաղաքականությունը լքելու դեպքում ՀԱԿ-ը դատապարտված է փլուզման, և անկախ այն բանից, թե ով կառաջադրվի` Լևոն Զուրաբյանը, թե Հրանտ Բագրատյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան