Հղիության 7-րդ ամսում գտնվող կինը մահացել է «խոզի գրիպի՞ց»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսի` «խոզի գրիպի» հետևանքով մահվան ևս 4 դեպք:
Ավելի վաղ թերթն անդրադարձել էր երկու այլ դեպքերի, որոնք, ըստ տարածված լուրերի, դարձյալ խոզագրիպի հետևանքով էին: Հետո, իհարկե, պարզվել էր, որ մահը գրանցվել է թոքաբորբի պատճառով, բայց ահա բժիշկ-մասնագետը չէր հերքել, որ թոքաբորբն էլ իր հերթին կարող էր H1N1 վիրուսի հետևանք լինել:
Ինչ վերաբերում է թարմ դեպքերին, ապա «ՀԺ»-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին: Ըստ այդմ, H1N1 վիրուսի զոհ է դարձել 24-ամյա կինը, որը հղիության 7-րդ ամսում էր: Երիտասարդ կնոջը հուղարկավորել են երեկ` Վայքի գյուղերից մեկում: Նրա բարեկամներից մեկը թերթի հետ զրույցում պատմել է, որ հղիի մոտ երիկամային խնդիրներ են առաջացել, ինչի կապակցությամբ էլ նա դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո կինը դուրս է գրվել, բայց շուտով նրա մոտ գրիպանման երևույթներ են նկատվել, ինքնազգացողությունը սկսել է վատանալ: Դարձյալ հոսպիտալացվել է. ինչից հետո բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ առկա է խորը թոքաբորբ: Օրեր անց նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հենց նույն օրը արձանագրված է եղել խոզի գրիպից մահվան մեկ դեպք: 24-ամյա կնոջ հարազատի խոսքով` դրանից հետո բժշկական կենտրոն են այցելել ՀՀ գլխավոր վարակաբանն ու հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ: Անալիզներ են վերցրել նաև իրենց հիվանդից, իսկ հետո հայտարարել արդյունքները` խոզագրիպ չկա, այլ միայն` թոքաբորբ: Հարազատների կարծիքով, թերևս մոր ընդունած հակաբիոտիկների պատճառով, փետրվարի 14-ին մահացել է դեռ չծնված երեխան, իսկ փետրվարի 18-ին` մայրը: Ու չնայած բժիշկները H1N1 վիրուսի առկայության մասին հիվանդ կնոջն ու հարազատներին ոչինչ չեն ասել, բայց նրա մահվան թերթիկում նշվել է H1N1 վիրուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան