Ադրբեջանի զինված ուժերում կորուստները վերջին 9 ամիսներին ռեկորդային սահմանի են հասել
Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հասարակական ասոցիացիան Բաքվում կազմակերպված կոնֆերանսում հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերում վերջին 9 ամիսներին կորուստները ռեկորդային չափերի են հասել: Ասոցիացիան փաստաթուղթ է ընդունել, որտեղ նշել է, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը կորցրել է կառավարման կարողությունը: Այս մասին հայտնում է «Ազադլիգ» թերթը:
«Դոկտրինա» լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը 2011 թ-ի ընթացքում 89 զինծառայող են կորցրել, որոնցից միայն 13-ն են զոհվել մարտական գործողություններում, իսկ մնացած 76-ը զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, հիվանդության, ճանապարհային պատահարների միջադեպերին:
«Ազադլիգ»-ի փոխանցմամբ` Ջ.Սումերինլին ընդգծել է, որ ադրբեջանական բանակում շատացել են հատկապես ոչ կանոնադրական հարաբերությունների և հիվանդությունների արդյունքում մահվան դեպքերն ու ինքնասպանությունները: Նրա խոսքով` 2011 թ-ին զինված ուժերում տեղի ունեցած 12 ինքնասպանությունների թիվը, վերջին 9 տարիների համեմատ, ռեկորդային է:
«Պահուստում գտնվող և պաշտոնաթող սպաների» հասարակական միության նախագահ Յաշար Ջաֆարլին էլ հայտնել է, որ կորուստների աճը կապված է բանակում առկա լուրջ խնդիրների հետ:
«Ցավալի է, որ պատկան պետական մարմինները անհաղորդ են բանակում կորուստների հետ կապված հասարակության արտահայտած անհանգստությանը և ոչ մի արդյունավետ միջոց չեն ձեռնարկում կորուստները նվազեցնելու ուղղությամբ: Արդյունքում կորուստների թվի աճի հետ կոշտանում է նաև բանակի նկատմամբ հասարակության վերաբերմունքը` թուլացնելով առանց այն էլ բանակում առկա ցածր մարտական ոգին», -շեշտել է Յ.Ջաֆարլին:
«Ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն ուղղված մեղադրանքների` «Ադրբեջանի բանակը» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Իբրահիմ Ռուստամովը նշում է, որ ներկա իրավիճակի ստեղծման պատճառներից մեկը զինվորական ծառայությանը երիտասարդների պատրաստ չլինելն ու նրանց համատարած անգրագիտությունն է»,- հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան