Ռազմական փորձագետ. Ադրբեջանը սադրանքների կգնա
«Ադրբեջանն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքն այնքան ուժեղ է, որ կարող է կամք թելադրել կամ ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով, սակայն նա այդ հնարավորությունը չունի: Բաքվի քարոզչությունը լոկ հայտարարությունների վրա հիմնված քարոզչություն է, ոչ ավելին»,- այս մասին Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հետ է կանգնել 2011 թվականին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած համաձայնություններից, այն է՝ շփման գծում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ քննություն անցկացնել:
Ըստ փորձագետի, Ադրբեջանը փորձում է Հայաստանի նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրել՝ ընդգծելով, որ դրա ձևերից մեկն էլ շփման գծում ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքներն են, ինչից ինչպես երևում է՝ Ադրբեջանը չի ցանկանում հետ կանգնել:
«Չեմ կարծում, որ հայկական բանակը կարող է տեղի տալ Ադրբեջանի կողմից իրականացվող ճնշումների փորձերին, իսկ այդ պարագայում պաշտոնական Բաքվի քայլերը անհաջողության է դատապարտված»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Սոչիում 2011 թվականիմարտի 5-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո տարածվել է հետևյալ հայտարարությունը.
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում և հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:
Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետևյալ քայլերի մասին.
1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ: