Լավրովն ու Դավութօղլուն ընդգծել են, որ Հարավային Կովկասի երկրները պետք է զերծ մնան ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ԱԳ նախարարներն այսօր Մոսկվայում կայացած բանակցություններից հետո համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա Հարավայն Կովկասի տարածաշրջանին ու ԼՂ հակամարտությանը: Ինչպես տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջից, հայտարարության 25 և 26 –րդ դրույթներում, մասնավորապես, ասված է:
«Նախարարները կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասում առկա իրավիճակի շուրջ: Ընդգծվել է տարածաշրջանում հարատև խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ընդհանուր ձգտումը: Կողմերն ընդունել են, որ Հարավային Կովկասի երկրները պետք է զերծ մնան ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և հավատարիմ մնան հակամարտությունների կարգավորման բացառապես խաղաղ մեթոդներին»:
Բացի այդ, կողմերը ընդգծել են իրենց շահագրգռվածությունը ԼՂ հակամարտության արագ կարգավորման հարցում: Հույս է հայտնվել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հակամարտության լուծման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքը մոտ ապագայում արդյունքներ կարձանագրի: Նախարարները նաև ընդգծել են ստատուս-քվոյի պահպանման անընդունելիությունը և ընդունել հակամարտության լուծման հնարավորության առկայությունը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև համանախագահ երկրների ղեկավարների Աքվիլայի, Մուսկոկայի և Դովիլի հայտարարությունների հիման վրա:
Կողմերը փաստել են նաև, թե Սոչիում հունվարի 23-ին Դ. Մեդվեդևի, Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի կողմից ընդունված հայտարարությունը լրացուցիչ խթան կհանդիսանա խաղաղ կարգավորման գործընթացի համար: Շեշտվել է նաև Ռուսաստանի ու Թուրքիայի հակամարտության գոտում կայունության հաստամանը միտված ներուժն օգտագործելու կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում