Փորձագետ. Ադրբեջանի վարչակազմը չի գնա մի այնպիսի քայլի, որը կայունություն կբերի տարածաշրջանին
«Ալիևի համար ԼՂ հիմնախնդիրը խաղաթուղթ է, որը վերջինս օգտագործում է իր երկրի ներքին հուզումները հանդարտեցնելու համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանի վարչակազմը չի գնա մի այնպիսի քայլի, որը կայունություն կբերի տարածաշրջանին, դա հակասում է այդ երկրի կողմից վարվող քաղաքականությանը»,- մեկնաբանելով Ադրբեջանի կողմից, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու պայմանավորվածությունից հետ կանգնելու փաստին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսում, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԼՂ հարցում առաջընթաց չկա, քանի որ Ադրբեջանը հետ է կանգնում պայմանավորվածություններից, մասնավորապես, խոսքը վերաբերվում է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու պայմանավորվածությանը:
Ըստ փորձագետի՝ պատահական չէ, որ Ադրբեջանը մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերում ու ռազմատենչ հայտարարություններ հնչեցնում:
«Ադրբեջանը պատերազմ սկսելու ռեալ հնարավորություն չունի, սակայն շարունակում է իր քաղաքացիների խաբել՝ ասելով, թե ուժեղ բանակ է ստեղծել, որը տարածաշրջանում հարցեր է լուծում: Նա փորձում է իր այդ քայլով արդարացնել ռազմական ոլորտում արվող իր միլիարդավոր ծախսերը, ինչը արդյունավետության մասին խոսելն ավելորդ է»,- ասաց Գ. Կարապետյանը:
Անդրադառնալով նախօրեին շփման գծում, ադրբեջանական կողմից արձակված գնդակից սպանված հայ զինծառայողին, փորձագետը նշեց, որ Ադրբեջանը ոչ միայն իր հայտարարություններով, այլ կոնկրետ գործողություններով է ապացուցում, որ հավատարիմ չէ միջազգային հանրության առջև ստանձնած իր պարտավորություններին ու ձեռք բերված պայմանավորվածություններին: