Վիտալի Տրետյակով. Պատերազմի վերսկսման դեպքում ՌԴ-ն կկանգնի Հայաստանի կողքին
Կովկասնում Ռուսաստանի քաղաքականությունը մոտ ապագայում ուղղված է լինելու որևէ երրորդ ուժի՝ տարածաշրջան չթողնելու, ինչպես նաև այստեղ ԱՄՆ ներկայությունը սահմանափակելու ջանքերին: Ադրբեջանական «1News.az» լրատվական գործակալությանը տված հարցազրուցում նման տեսակետ է հայտնել ռուս քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը:
Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանը ջանքեր կգործադրի, որպեսզի որքան հնարավոր է երկար պահպանի տարածաշրջանում ներկայումս հաստատված ստատուս-քվոն: Սույն տեսակետի հիմնական դրդապատճառներից մեկը, ըստ բանախոսի, հանդիսանում է պաշտոնական Մոսկվայի՝ Սոչիի օլիմպիական խաղերը «հանգիստ անցկացնելու ցանկությունը»:
Պատասխանելով այն հացրին, թե ՝ կարճաժամկետ հեռանկարում ինչ քայլեր է պլանավորում պաշտոնական Մոսկվան ԼՂ հակամարտության հարցում` Տրետյակովը նշել է.
«Թե ինչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն, ավելի լավ է հարցնել Ռուսաստանի ղեկավարությունից: Ես կարող եմ միայն ներկայացնել սույն հարցի վերաբերյալ իմ տեսակետը: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Պուտինը մոտավորապես հենց այսպել էլ մտածում է. այն է` ԼՂ հիմանահարց՝ նշանակում է ստատուս-քվո և անվերջ բանակցություններ: Ամեն ինչ բացի պատերազմից»:
«Եթե ինչ-որ պատճառով Կովկասում ծավալվի լուրջ հակամարտություն, ապա Ռուսաստանը, ցանկացած պայմաններում, կլինի Հայաստանի կողքին: Եվ ֆորմալ պատճառներով՝ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ և բազմաթիվ ոչ ֆորմալ հանգամանքների բերումով: Վերջիններից գլխավորը այն է, որ ռուսաստանյան հասարակությունը հոգեբանական տեսանկյունից այս հակամարտության մեջ կկանգնի Հայաստանի կողքին: Այսպիսին է իրականությունը: Մյուս կողմից, պաշտոնական Մոսկվան ամենևին չի ցանկանում կանգնել նման ընտրության առաջ՝ հետևաբար, անհրաժեշտ է կայուն և անվերջ բանակցություններ»,- հավելել է ռուս քաղաքագետը:
Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին` քաղաքագետը նշել է, որ Գաբալայի ՌԼԿ-ի հարցը ժամանակի ընթացքում կմարի և կկորցնի իր արդիականությունը, քանի որ կայանում կենտրոնացված սարքավորումները վերջնականապես կհնանան և կդադարեն Ռուսաստանի համար որևէ հետաքրքրություն ներկայացնել:
«Ադրբեջանը, իմ կարծիքով, պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերություններում վարում է այն քաղաքականությունը, ինչ-որ և Ուկրաինան, այն է՝ բարեկամության մասին անսպառ խոսքեր, իսկ հիմնական քաղաքական ուղվածությունը՝ դեպի Արևմուտք: Մյուս կողմից, Ադրբեջանը ունի նավթ, իսկ Ուկրաինան ՝ոչ: Եվ հենց այդ պատճառով Բաքուն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև խուսանավելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի» ,- նշել է Վիտալի Տրետյակովը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան