«Նեզավիսիմայա գազետա». Ադրբեջանի ընդդիմության շարքերում անհանգստություն է առաջացել
Ադրբեջանի ընդդիմությունը եկող տարվա նախագահական ընտրություններին ընդառաջ` բողոքի ակցիաներով փորձ է անում հիշեցնել իր մասին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Աղբյուրի փոխանցմամբ, Ընդդիմադիր ուժերի «Հանրային պալատ» նախաձեռնությունը մտադիր է բողոքի ակցիա անցկացնել Ադրբեջանի խորհրդարանի առաջ՝ ընդդեմ օրենսդրական փոփոխությունների, որոնցով նախատեսվում է ավելացնել տուգանքների չափը` չարտոնված հանրահավաքներ անցկացնելու համար:
Իր հերթին Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի սահմանադրական խորհուրդ ընդդիմադիր միավորումը կոչ է արել իր կողմնակիցներին շաբաթ օրը մասնակցել հանրահավաքի՝ պահանջելով ազատ ընտրությունների անցկացում, ժողովրդավարական ազատությունների պաշտպանություն և սեփականության անձեռնմխելիություն:
Պարբերականը գրում է, որ Բաքվի քաղաքային իշխանությունները դժկամությամբ են արտոնում ընդդիմության հանրահավաք անցկացնել դիմումները և առաջարկում են այդ միջոցառումները կազմակերպել քաղաքի ծայրամասերում: Իսկ հանրահավաքների մասին օրենսդրական փոփոխությունները մեծ անհանգստություն են առաջացրել ադրբեջանական ընդդիմության շարքերում:
«Հանրային պալատի» ներկայացուցիչ Ադալյատ Յուսիբովան հայտարարել է, որ այդ օրենսդրական փոփոխություններն ունեն սահմանափակող բնույթ և ուղղված են Ադրբեջանում հավաքների ազատության ճնշմանը: «Հանրային պալատը» խստորեն դատապարտել է օրենսդրական փոփոխությունները և սպառնում է շարունակել պայքարը ավելի վճռականորեն:
Սակայն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող կուսակցության անդամ Մուբարիզ Գուրբանլին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմության բողոքը որակել է անհիմն և նշել, որ անօրինական բողոքի ակցիաների համար օրենքով սահմանված մեծ տուգանքները արդարացված են. «Այդ օրենսդրական փոփոխությունների նպատակն է կանխել անօրինական բողոքի ակցիաներն ու դրանցում մարդկանց ներգրավելը»,- հայտարերել է Մ. Գուրբանլին:
Պարբերականը նաև նշում է, որ որոշ վերլուծաբանների կարծիքով, խորհրդարանի կողմից տվյալ օրենսդրական փոփոխությունների ընդունումը կստիպի շատերին լավ մտածել՝ մինչև ընդդիմության չարտոնված հանրահավաքներին մասնակցելը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ադրբեջանի խորհրդարանի հավանությանը ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվում է հանրահավաքների և այլ ակցիաների անցկացման կարգը խախտելու համար սահմանել 5-8 հազար մանաթ (6-10 հազար դոլար) տուգանք կամ էլ կիրառել երկու տարվա պատիժ ուղղիչ աշխատանքային գաղութում: Համանման տուգանք է նախատեսվում կիրառել նաև այնպիսի ակցիաների անցկացման կամ դրանց մասնակցելու համար, որոնք կարող են պատճառ հանդիսանալ հասարակական կարգի խախտման համար: