
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. Իրանահայերն օժտված են բավականաչափ ազատությամբ
Իրանի կրոնական փոքրամասնություններն օժտված են բավականաչափ ազատությամբ:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆթչյանը:
Հայ բարձրաստիճան հոգևորականը, անդրադառնալով իրանահայերի իրավունքներին, մասնավորապես նշել է. «Իրանի կրոնական փոքրամասնությունները, այդ թվում իրանահայերը ունեն բավականաչափ ազատություններ և իրենց կրոնական ծիսակատարություններն անցկացնելու գործում որևէ սահմանափակում չունեն»:
«Կրոնական փոքրամասնությունների այդպիսի կարգավիճակը վկայում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը մեծ կարևորություն է տալիս այլ կրոններին, ինչն ամբողջ աշխարհում եզակի երևույթ է»,-հավելել է Գրիգոր Չիֆթչյանը:
Հիշեցնենք, որ Սուրբ Ծննդյան օրվա առթիվ Թավրիզի ս. Մարիամ եկեղեցում տեղի ունեցած պատարագի ժամանակ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նշել էր, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին աստվածային կրոնների միջև երկխոսության ջատագովն է:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան