Ադրբեջանական բանակում զինվորին կտտանքների են ենթարկել ու հաշմանդամ դարձրել
Ադրբեջանի զինված ուժերում զինվորներին ծեծելով սպանելը կամ էլ հաշմանդամ դարձնելը սովորական երևույթ է դարձել, նշում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը՝ վկայակոչելով բանակում բացահայտված ևս մի հանցագործություն:
Սալյանի Ենիքենդ գյուղի բնակիչ Դավուդ Ջալիլլին 2010 թ-ի հոկտեմբերի 12-ին զորակոչվել է զինվորական ծառայության: Մինչ զինվորական երդումը, ծառայել է Լենքորանում, որից հետո ծառայությունը շարունակել է սահմանային զորքերի՝ Շաքիում տեղակայված զորամասում: Առաջին 11 ամիսները հանգիստ են անցել: Տասնօրյա արձակուրդից վերադառնալուց մի քանի օր հետո նրա առողջական վիճակը վատացել է, և զինվորին անգիտակից վիճակում տեղափոխել են Բաքվի սահմանային զորքերի հոսպիտալ. բուժումից հետո նրան վերադարձրել են Շաքի: Մեկ ամսվա ընթացքում ծնողները որդուց որևէ տեղեկություն չեն ստացել:
Զինվորի մայրը՝ Զարխանում Ջալիլովան, պատմում է, որ որդու հիվանդությունը թաքցրել են ծնողներից: Մայրը հինգ անգամ Սալյանից գնացել է որդուն տեսակցության, սակայն հոսպիտալում նրան ասել են, որ հրամանատարությունն արգելել է տեսակցությունը: Վեցերորդ անգամ մայրը հանդիպել է մի բժշկի, ով հրամանի մասին տեղյակ չի եղել, և նրա օգնությամբ կարողացել է այցելել որդուն:
«Որդուս չճանաչեցի: Այնքան էր նիհարել, որ կմախք էր դարձել, ձեռքերն ու ոտքերը չէին շարժվում, չէր լսում: Ես չէի հասկանում, ինչ է տեղի ունեցել: Աղմուկ բարձրացրեցի, ասացի, որ կբողոքեմ, կկանչեմ լրագրողների: Պատասխանեցին, թե ինչ «ուզում ես արա, մենք մեր գործն ենք անում»: Նրա հետ ծառայողները պատմեցին, որ զինվորին այդ օրն է գցել զորամասի հրամանատարը: Դավուդին ձմռանը ստիպել են սառը ջրի տակ լողանալ, հետո երեք հոգու փոխարեն՝ ուղարկել վեցժամյա պահպանության: Անմիջապես դրանից հետո նա հիվանդացել է: Հիվանդանոցում ինձ ասացին, որ որդիս այլևս չի տեսնելու, չի լսելու, չի քայլելու և չի խոսելու, ասացին, որ գնամ, պատրաստվեմ նրան թաղելուն: Ես ամեն տեղ բողոքեցի: Մեզ ասացին, թե որդուս բուժման են ուղարկելու Թուրքիա` Անկարայի Գյուլհանե հոսպիտալ: Մեզ չթողեցին մեկնել նրա հետ: Նրա փաստաթղթում նշված է, որ նա Թուրքիայում մնացել է մինչև 2012 թ-ի մարտի 31-ը: Մենք կարծում ենք, որ դա սուտ է, որովհետև Գյուլհանեի պես հիվանդանոցի բժիշկները նման հիվանդին հետ չէին ուղարկի, ինչ-որ բուժում կանեին»,- պատմում է զինվորի մայրը:
Զարխանում Ջալիլովան նշում է նաև, որ որդու փաստաթղթերի վրա դրված կնիքը կեղծ է: «Նրանք ամեն ինչի ընդունակ են: Դավուդի համար մեր ընտանիքին 2750 մանաթ ապահովագրական գումար տվեցին: Նրան տեղավորեցին Բաքվի թիվ 4 հիվանդանոցում: Երբ այդ գումարը վերջացավ, մեզ ասացին, որ այլևս չեն կարող օգնել: Դավուդին զորացրեցին 2012 թ-ի ապրիլի 26-ին, այսինքն, երբ ավարտվեց նրա ծառայության ժամկետը: Ես դիմեցի բոլոր նախարարություններին, Հեյդար Ալիևի հիմնադրամին, բայց ոչ ոք մեզ չօգնեց: Այժմ ուզում եմ նրան հաշմանդամություն ձևակերպել, արդեն երկու ամիս է «քաշքշում» են: Մտածում եմ, այդ հաշմանդամության գումարով Իրան բուժման տանել: Որդուս վիճակն օրեցօր վատանում է: Հարց է ծագում, թե ինչու մինչև ծառայության ժամկետի ավարտը որդուս չեն զորացրել, չէ որ նրա վիճակը պարզ էր արդեն դրանից վեց ամիս առաջ: Ես պահանջում եմ պարզել, թե ինչու է նա հասել այդ վիճակին», -բողոքում է զինվորի մայրը:
Նախորդիվ`
Ալի Քերիմլի. «Բանակում մեր զավակներին սպանողը Իլհամ Ալիևի հանցավոր ռեժիմն է»
Ադրբեջանում վրդովված են «ազգային հերոս» Ռամիլ Սաֆարովի անտարբերությունից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում