Դանիելյան. Պայքարում ենք ոչ թե ընդդեմ Թուրքիայի, այլ` հանուն ՄԱԿ-ի կանոնադրության
ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների Ստամբուլ տեղափոխման գործընթացին զուգահեռ հաճախակի են դարձել հայկական պատվիրակության առջև խոչընդոտները: Այս մասին ՀՀ Հանրային խորհրդում Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովում այսօր տեղի ունեցած խորհդրակցության ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի անդամ, Միջազգային էկոլոգիայի ակադեմիայի անդամ, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի ղեկավար Կարինե Դանիելյանը` նկատելով, որ անկախ պաշտոնական տեղեկատվության, ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների տեղափոխոման գործընթացը Թուրքիա սկսվել է դեռ 2011 թվականին: Նա մտահոգություն հայտնեց, որ պաշտոնական Անկարան փորձում է ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների գործառույթների հարցում մասնակից դարձնել նաև Բաքվին, և արդեն կա նախադեպ, երբ հայկական կողմին անտեսել էին Ադրբեջանում տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովներից մեկին հրավիրելու ժամանակ:
«Մենք տեսնում ենք շատ մեծ վտանգներ, քանի որ մենք առնչվելու ենք ՄԱԿ-ի տարածաշրջանային կառույցների հետ Ստամբուլի միջոցով, և բոլոր ծրագրերը համաձայնեցվելու են նրանց հետ: Եթե դա լիներ մի այլ քաղաք, ինչպես Վիեննան, Փարիզը, Բրատիսլավան, խնդիր չէր լինելու, բայց այս դեպքում Թուրքիայի նպատակն ակնհայտ է», - ասաց բանախոսը:
Կարինե Դանիելյանի խոսքով` հայկական կողմի համար անհանգստացնող չէ, թե ՄԱԿ-ի ինչ որ ֆինանսական առաջկցություն Թուրքիայի պատճառով չի հասնելու Երևան. «Ոչ, մենք կարծում ենք, գումարները կրկնակի կգան Հայաստան, բայց կգան հակազգային ծրագրեր իրականացնելու համար: Եվ արդեն իսկ մի քանի փորձ արվել է, թեև չեմ ուզում անուններ տալ»:
Բանախոսը տեղեկացրեց, որ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների հարցադրմանը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բանագնացի միջնորդությամբ նշել է, թե Ստամբուլ տեղափոխելու մասին որոշումը նպաստավոր է տարածաշրջանի համար թե ֆինանսական և թե բնապահպանական տեսանկյունից, քանի որ թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել սպասարկել կենտրոնների աշխատանքը:
Գրեթե նույն պատասխանը, ըստ Կարինե Դանիելյանի, ստացվել է նաև UNDP ղեկավարությունից, միայն մի հավելմամբ, թե «Բրատիսլավա տեղափոխելիս` ինքնաթիռները հավելյալ աղտոտում էին օդը, իսկ Ստամբուլ կարելի է այլ տրանսպորտային միջոցներով հասնել»:
Հանրային խորհրի անդամը հայտնեց, որ հայկական և արտասահմանյան մի քանի հասարակական կազմակերպություններ արդեն ստեղծել են մի կոալիցիա, որը միտված է պաշտպանելու ՄԱԿ-ի Սահմանադրությունը և դրա հիմնարար սկզբունքները:
«Այսպիսով, մենք դեմ չենք Թուրքիային, այլ մենք պաշտպանում ենք ՄԱԿ-ի կանոնադրությունը: Մենք դեմ չենք շփվելու թուրքերի հետ, բայց այստեղ կան արդեն մեր նախապայմանները. ինչպես Գերմանիան ընդունեց իր հանցագործությունը, Թուրքիան ևս պետք է ընդունի Մեծ եղեռնը, պետք է ապաշրջափակի Հայաստանը, փոխի իր քաղաքականությունը մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցում», -ասաց նա:
Կ.Դանիելյանն առաջարկեց խորհրդակցական խումբ ստեղծել, որը քննարկումների արդյունքում բանաձև կընդունի և այն կհանձնի մոտակա ժամանակահատվածում Հայաստան ժամանող ՄԱԿ-ի բանագնացներին և եվրոպական երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպաններին: «Այդպիսով մենք կկարողանանք մեր դժգոհությունները փոխանցել ՄԱԿ-ի ղեկավարությանը և եվրոպական երկրների ղեկավարներին»,- ասաց նա: